Ադրբեջանում մնացած հայերը վախենում են խոստովանել իրենց ազգային պատկանելությունը: Այդ մասին հայտարարել է ազգագրագետ Հրանուշ Խառատյանն այսօր` հունվարի 20-ին, կայացած մամուլի ասուլիսում:
Պատասխանելով NEWS.am-ի թղթակցի հարցին, թե որքանո՞վ են համապատասխանում իրականությանը ադրբեջանցի պաշտոնյաների պնդումները Ադրբեջանում բնակվող մեծաթիվ հայերի մասին, Հրանուշ Խառատյանը նշել է, թե դրանք չեն համապատասխանում իրականությանը: «Մարդահամարի պաշտոնական տվյալներով, Ադրբեջանում «բնակվում են» մոտ 120 հազար հայեր, բայց նրանք ընդգրկել են նաեւ ԼՂՀ բնակչությանը: Իրականում, մեր տվյալներով, Ադրբեջանում ներկայումս բնակվում է 2,5-3 հազար հայեր»,- ասել է Հրանուշ Խառատյանը: Նրա խոսքով, հիմնականում դրանք ամուսնացած կանայք են, որոնք փորձում են թաքցնել իրենց հայկական արմատները, մեծ մասը փոխել է բնակության վայրը, որպեսզի «թաքցնի հետքերը» եւ խզի կապերը նախկին հարեւանների հետ: Ադրբեջանում հայերի համր բարդ է ապրել, շատերը չեն կարողանում աշխատանք գտնել հենց ազգության պատճառով:
«Շատ բարդ է հայ լինել Ադրբեջանում: Մարդիկ վախենում են շփվել: Իրավիճակը նման է նրան, որ ստեղծվել էր Թուրքիայում Հայոց ցեղասպանությունից հետո` հայտնվել էին «ծածուկ հայեր»,- նկատել է Խառատյանը:




























