«Հանրապետություն» կուսակցությունն առաջիկա խորհրդարանական ընտրություններին 10-15 տեղ կպահանջի ՀԱԿ-ի ցուցակում, թեեւ դեռ վերջնական որոշում չի կայացվել: Այս մասին, այսօր` հունվար 20-ին, ասուլիսում նշեց «Հանրապետություն» կուսակցության անդամ Սուրեն Աբրահամյանը:
«Հանուն մեր 10 տարվա պայքարի, եթե ՀԱԿ-ն էլ նույնքան համապատասխան կեցվածք ընդունի ինչպես մենք` հանուն ընդհանուր գործի սեփական ամբիցիաները մի կողմ դրած, ապա ես կարծում եմ, որ Կոնգրեսն էլ ցուցակների առումով խնդիր չի ունենա»,- նկատեց Սուրեն Աբրահմյանը:
Նա միաժամանակ նկատեց, որ ինքը ոչ մի պաշտոնի չի հավակնում, եթե անգամ իշխանափոխություն լինի, բայց եթե իր անունը կօգնի ՀԱԿ-ին ավել ձայն հավաքելու համար, դեմ չի լինի առաջադրվելուն:
Սուրեն Աբրահամյանի ներկայացմամբ, եթե արդեն իշխող կոալիցիան է անարդար ընտրությունների մասին խոսում, դա նշանակում է, որ խնդիրը բավական սրությամբ է հանրության առջեւ դրված: «Այս երկիրը հանձինս արդար ընտրությունների անցկացման ընդամենը մեկ խնդիր ունի, իսկ մյուս խնդիրներն ածանցյալ են»,-ասաց նա:
Այնուհետեւ անդրադառնալով ընտրական գործընթացներում Հայաստանում ձեւավորված ավանդույթներին, ընդդիմադիր գործիչը նշեց. «Երբ Հայաստանում սկսվեց սեփականաշնորհման գործընթացը, մի արատավոր պրակտիկա ձեւավորվեց: Հանրային ունեցվածքի սեփականշորհումից հետո սկսեց պետությունը բնորոշող որոշակի ատրիբուտների սեփականաշնորհումը: Էս, թաղն իմն ա, էս մանդատն իմն ա, էս մարզն իմն ա: Ավելին` մուսուլմանական աշխարհին բնորոշ երեւույթներ են առաջ եկել, երբ պատգամավոր հայրը մահանում էր, որդուն էին մանդատը տալիս ու այդպես ամբողջ ընտրական գործընթացը աղավաղվեց»:




























