Հայաստանում ստեղծված է մի կեղծարար մեքենա, եւ քաղաքական ուժերը պետք է զբաղվեն դրա ջախջախմամբ. Եթե դա չարվի, ժողովրդի կամքը հերթական անգամ բռնաբարվելու է: Այդ մասին ՀՅԴ-ի եւ «Ժառանգության» կազմակերպած համաժողովին ասել է Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը: Վերջինս աննախադեպ է գնահատել նման համաժողովի անցկացումը, որին մասնակցում է քաղաքական դաշտի ողջ սպեկտրը: «Սա ցույց է տալիս, թե որքան լուրջ է գիտակցվում ընտրությունների կեղծման վտանգը»,- նշել է Զուրաբյանը:
Վերջինիս խոսքով, սա միգուցե վերջին շանսն է` լուծելու այն վիճակը, որ կա Հայաստանում: «Իսկ դրա միակ բանալին լեգիտիմ իշխանության ընտրությունն է»,- նկատել է ՀԱԿ համակարգողը: Վերջինս նկատել է, թե չի կարելի բավարարվել միակ այս մեկ պահանջով, սակայն անգամ մեկ հարցի շուրջ նման համախմբումը աննախադեպ է: Զուրաբյանը նկատել է, թե Հայաստանում իսկապես լուրջ խնդիր է 500 հազար ուրվականների խնդիրը, «մարդիկ, որ չլինելով Հայաստանում, ինչ-որ հրաշքով քվեարկում են»:
Զուրաբյանը նաեւ նշել է, թե Հայ ազգային կոնգրեսը պատրաստակամ է աջակցել ՀՅԴ-ի եւ «Ժառանգության»` 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցնելու նախաձեռնությանը, եւ հանրահավաքներ է անցկացնելու այն օրերին, երբ Ազգային Ժողովը քննարկելու է օրենսդրական փաթեթը:




























