Նիկոլ Փաշինյանը տարբեր առիթներով ասել է, որ ինքը չունի մանդատ՝ Արցախի ժողովրդի անունից որոշումներ կայացնելու համար։ Հետևաբար, նա չունի մանդատ՝ Արցախի թեման, ինչպես նաև արցախցիների հայրենիք վերադարձի թեման փակելու համար։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ հարցազրույցում նշել է Արցախի օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանը։

Նրա խոսքով՝ այն հայտարարությունը, ըստ որի Արցախի թեմային անդրադառնալը սպառնում է խաղաղությանը՝ կարելի է համարել քաղաքական մանիպուլյացիա։

«Եթե խոսքը խաղաղության մասին է, ապա այդ խաղաղության շրջանակներում պետք է լուծվեն բոլոր հարցերը, այդ թվում՝ այս հակամարտության անկյունաքարը, որը վերաբերում է Արցախի ժողովրդի իրավունքներին։ Փորձեր են արվում ստեղծել այն տպավորությունը, որ այդ մարդիկ գոյություն չեն ունեցել, որ նրանք իրավունքներ չեն ունեցել և որ խաղաղություն կառուցելը հնարավոր է միայն նրանց իրավունքները անտեսելով։ Նման անարդար պայմաններում խաղաղությունը չի կարող լինել երկարատև և կայուն։

Երբ Հայաստանում կլինեն իշանություններ, որոնք նույնպես կառաջնորդվեն այդ սկզբունքով՝ տվյալ հարցը առաջ մղելն ավելի հեշտ կլինի։ Հայաստանի ներկայիս իշխանությունները նման նպատակներ չեն հետապնդում։ Մենք օգտագործում ենք բոլոր հնարավորությունները՝ Արցախի ժողովրդի իրավունքների, այդ թվում՝ վերադարձի իրավունքի թեման բարձրացնելու համար»,- ընդգծել է Ստեփանյանը։

Նա ասել է, որ աշխատանքները շարունակվում են նաև արտաքին գործընկերների հետ՝ բացատրելով, որ վերջերս շվեյցարացի 19 խորհրդարանականներից բաղկացած հանձնաժողովը հաջողությամբ միջոցառում է անցկացրել՝ ավելի քան 200 կոնգրեսականների և նրանց գրասենյակի աշխատակիցների մասնակցությամբ։

Այս թեման տեղում չի մնում։ Չնայած Հայաստանի իշխանությունների կողմից աջակցության բացակայությանը՝ արվում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի հարցը չփակվի։ Շվեյցարական նախաձեռնությունն ուղղված է Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև քննարկումների համար միջնորդական հարթակ ստեղծելուն։ Չեմ կարող ասել, որ շոշափելի արդյունքներ կան, բայց միանշանակ է, որ այս հարցը տարբեր երկրներում աջակցություն է գտնում։ Մեր նվազագույն նպատակն է հասնել միջազգային հարթակի ձևավորմանը, որտեղ մենք կարող ենք բարձրացնել մեր իրավունքների հարցերը»,- հավելել է մարդու իրավունքների պաշտպանը։