Աֆղանստանում ֆրանսիացի զինծառայողների վրա հարձակման պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Թալիբան» շարժումը:
Արեւմտյան լրատվամիջոցների թողարկած թալիբների հայտարարության մեջ ապստամբները հստակեցրել են, որ կարողացել են իրենց կողմը գրավել աֆղանացի զինծառայողին, որը հունվարի 20-ին կրակ է բացել արտասահմանցի ծառայակիցների վրա:
Խռովարարները նաեւ հավաստում են, որ «ներգրավել են մարդկանց, ովքեր լուրջ պաշտոններ են զբաղեցնում: Նրանցից ոմանք արդեն հաջողությամբ կատարել են առաջադրանքը»,- գրում է «Ինտերֆաքսը»:
Հիշեցնենք, ֆրանսիացի չորս զինծառայողներ զոհվել, 16-ը վիրավորվել են փոխհրաձգության ընթացքում, որը տեղի է ունեցել հունվարի 20 Աֆղանստանի արեւելքում գտնվող Կապիս նահանգում: Հրաձգությունն սկսել է աֆղանական բանակի համազգեստով մի տղամարդ:
Ավելի ուշ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին հայտարարել էր, որ ֆրանսիական ռազմական անձնակազմը ժամանակավորապես դադարեցնում է մասնակցությունը Աֆղանստանի ռազմական գործողություններին:




























