Փոխվել են Հոլիվուդի ամենաամոթալի `Ոսկե ազնվամորի մրցանակաբաշխության հավակնորդների եւ մրցանակակիրների հայտարարման ժամկետները:  «Ոսկե ազնվամորին» անվանում են նաեւ հակաօսկար: Նախկինում ազնվամորու հավակնորդներին հայտարարում էին Օսկարի մրցանակաբաշխությունից մեկ օր առաջ, իսկ դափնեկրին պարգեւատրում էին «ոսկե արձանիկների» հանձնման արարողությունից առաջ` կեսգիշերին: Այս տարի հակաօսկարի հավակնորդները հայտնի կդառնան փետրվարի 25-ին, այսինքն` Օսկարի մրցանակաբաշխության նախօրեին: Իսկ «Ոսկե ազնվամորին» կհանձնեն Ծիծաղի օրը` ապրիլի 1-ին, որը Արեւմուտքում նշվում է որպես Հիմարի օր: Այս մասին հայտարարել է մրցանակի հիմնադիր Ջոն Ուիլսոնը:  

Այս տարի Ոսկե ազնվամորու ամենահավանական թեկնածուն կատակերգակ Ադամ Սենդլերն է, որը որպես դերասան, պրոդյուսեր եւ սցենարիստ հանդես է գալիս «Բաքի Լարսոն. Ծնված է աստղ դառնալու համար», «Ջեքը եւ Ջիլը» եւ «Ձեւացրու, որ իմ կինն ես» ֆիլմերի հայտատողերում: Այդ 3 ֆիլմն էլ լիովին համապատասխանում են տարվա վատթարագույն կինոաշխատանք ձեւակերպմանը: Սենդլերը, որը «Ջեքը եւ Ջիլը» ֆիլմում կանացի կերպար է կերտել, կարող է հակաօսկար ստանալ` կանացի վատթարագույն դերակատարման համար: 

Մյուս «առաջատարներն» են «Մթնշաղ» վամպիրյան սագայից  Թեյլոր Լոթները եւ ռեժիսոր Մայքլ Բեյի «Տրանսֆորմերները. Լուսնի մութ կողմը», հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: 

«Ոսկե ազնվամորին» հիմնադրվել է 1980 թվականին: Մրցանակը ոսկեզօծված թիթեղյա հատապտուղ է: Ամենաշատ քանակությամբ ոսկե ազնվամորու դափնեկիր է Սիլվեստր Ստալոնեն : Նա այս մրցանակին առաջադրվել է 31 անգամ եւ 10 նման մրցանակի արժանացել: