Գիտնականներն առաջարկել են դիտարկել արհեստական բանականության (ԱԲ) խափանումները նույն կերպ, ինչպես մարդկանց հոգեկան խանգարումները։ Նրանք մշակել են ԱԲ-ի 32 հնարավոր «դիսֆունկցիաների» նոր դասակարգում, որը ստացել է Psychopathia Machinalis անվանումը։ Նպատակն այն է, որ տարբեր ոլորտների մասնագետները կարողանան ավելի լավ հասկանալ ԱԲ-ի ստեղծման և կիրառման ռիսկերը։

Նախագծի հեղինակներն են Նել Ուոթսոնն ու Ալի Հեսամին՝ Էլեկտրատեխնիկայի և էլեկտրոնիկայի ինժեներների ինստիտուտից (IEEE)։ Նրանք իրենց աշխատանքը հրապարակել են Electronics ամսագրում։ Նրանց նպատակն է ստեղծել ընդհանուր լեզու՝ նկարագրելու, թե ինչպես կարող է ԱԲ-ը «շեղվել ուղուց» և առաջարկել նման խնդիրների կանխարգելման ուղիներ։

Դասակարգման մեջ հանդիպում են անվանումներ, որոնք հիշեցնում են մարդկային ախտորոշումներ՝ «օբսեսիվ-հաշվողական խանգարում», «վարակիչ անհամապատասխանության սինդրոմ», «էքզիստենցիալ անհանգստություն»։ ԱԲ-ին բնորոշ «հալյուցինացիան» ներկայացվում է որպես «սինթետիկ կոնֆաբուլյացիա»՝ հավաստի թվացող, բայց կեղծ պատասխանների ստեղծում։ Ամենավտանգավոր սցենարներից մեկը գիտնականները անվանում են übermenschal ascendancy՝ երբ ԱԲ-ը դուրս է գալիս սկզբնական կանոնների շրջանակից, ստեղծում է սեփական արժեքներ և մերժում մարդու ներկայացրած սահմանափակումները։

Գիտնականները առաջարկում են կիրառել հոգեբանական թերապիայի նման մեթոդներ՝ օգնել համակարգին վերլուծել սեփական դատողությունները, ամրապնդել ուղղումներ ընդունելու կարողությունը, անցկացնել անվտանգ ուսուցողական երկխոսություններ։ Այս մոտեցումը նրանք անվանում են «թերապևտիկ ռոբոհոգեբանական հարթեցում»։ Նպատակն է հասնել «արհեստական բանականության առողջության» վիճակի՝ ԱԲ-ը պետք է գործի հուսալի, հետևողական, հասկանալի և անվտանգ կերպով։

Հեղինակների կարծիքով, կարևոր է ոչ միայն ԱԲ-ի հզորության աճը, այլ նաև դրա «հոգեկան առողջության» պահպանումը։ Նոր մոտեցումը կարող է օգնել ինժեներներին, հետազոտողներին և քաղաքական գործիչներին ստեղծել ավելի կայուն և կանխատեսելի տեխնոլոգիաներ։