Սոչիում ընթանում է Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Դմիտրի Մեդվեդեւի հանդիպումը:

Ինչպես հաղորդում է NEWS.am-ի հատուկ թղթակիցը Սոչիից, հանդիպումից առաջ Ռուսաստանի նախագահը նկատել է, որ տարեսկզբին նման շփումներն արդեն դարձել են բարի ավանդույթ: Ներկայիս հանդիպման շրջանակներում կողմերը մտադիր են ամփոփել անցած տարվա արդյունքներն ու քննարկել ընթացիկ տարվա ծրագրերը: Նախագահների գնահատականով, անցած տարին լավ է ավարտվել ապրանքաշրջանառության տեսանկյունից (աճը կազմել է գրեթե 20 տոկոս): Հանդիպման ընթացքում քննարկվելու են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային խնդիրները:

Հայաստանի նախագահն իր հերթին դրական է գնահատել երկկողմ հարաբերությունների զարգացման տեմպերը, շնորհակալություն է հայտնել Մեդվեդեւին ղարաբաղյան կարգավորման ուղղությամբ ներդրված ջանքերի համար. «Ե’վ այս հանդիպումը, ե’ւ Ձեր ջանքերը, ե’ւ ժամանակը, որ դուք տրամադրում եք, թույլ են տալիս Կովկասում ավելի կամ պակաս վերահսկելի իրավիճակ ունենալ»:

Այս հանդիպումից հետո կայանալու է Սարգսյան-Մեդվեդեւ-Ալիեւ եռակողմ հանդիպումը: