Ռուսաստանի հայերի միությունը ակցիա է իրականացնելու Մոսկվայում Ֆրանսիայի դեսպանատան առջեւ: Այսօր Ֆրանսիայի Սենատը քննարկելու է դեկտեմբերի 22-ին Ազգային Ժողովի կողմից ընդունված ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը:

Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ՌՀՄ մամուլի ծառայությունից, ակցիայի մասնակիցներն իրենց աջակցությունն են հայտնելու Սենատին:

Ակցիայի մասնակիցները հանդես կգան հետեւյալ կարգախոսներով. «Կեցցե Ֆրանսիան», «Ֆրանսիան պետք է օրինակ լինի բոլոր երկրների համար», «Ցեղասպանությունը հանցագործություն է առանց վաղեմության ժամկետի»:

Նշենք, որ դեկտեմբերի 22-ին Ֆրանսիայի Ազգային Ժողովն ընդունել է ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը, որի հեղինակը իշխող «Միություն հանուն ժողովրդական շարժման» կուսակցության անդամ Վալերի Բուայեն է: Օրենքը խախտողներին սպառնում է 45 հազար եվրո տուգանք եւ մեկ տարվա ազատազրկում: