Այսօր՝ Արցախի Հանրապետության Անկախության հռչակման օրը, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի ունեցավ «Արցախի կանչ» հուշակոթողի բացումը։

Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի ձեռամբ օրհնվեցին հուշակոթողի խաչքարերը։

Հուշակոթողը նվիրված է Արցախյան բոլոր պատերազմների զոհերի, Արցախում հուղարկավորվածների, ինչպես նաև 2023 թվականի սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտում վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով զոհվածների հիշատակին։

Հուշակոթողի ճարտարապետներն են Վլադիմիր և Միքայել Սարգսյանները, քանդակագործը Ռոբերտ Ասկարյանն է։ Վառելիքի պահեստի պայթյունի զոհերի հիշատակը հավերժացնող քանդակի հեղինակը Վարազդատ Համբարձումյանն է։

«Ամենից կարևորը տատն ու պապն են, որ մեկը մի կողմ է նայում, մյուսը՝ մյուս կողմ, գերեզմաններին է նայում։ Իրենց թոռնիկի հետ հասել են այստեղ, ինձ թվում է՝ նորից վերադառնալու են Արցախ։ Արցախի արմատը չի չորանում, միշտ մնալու է հողի մեջ»,- խոսելով հուշակոթողի խորհրդի մասին՝ ասաց Ասկարյանը։

«Արցախյան երրորդ պատերազմում զոհված և անհայտ կորած զինծառայողների հարազատների միություն» ՀԿ–ի ղեկավար Արմեն Ասրյանը նշեց՝ այս հուշակոթողն իր մեջ հիմա ամփոփում է Արցախի բոլոր սրբավայրերը։

«Սա սփոփանք է, որ ապրեցնում է մեզ և հույս է տալիս, որ մենք անպայման վերադառնալու ենք հայրենի Արցախ, անպայման վերադառնալու ենք մեր զավակների մոտ։ Ես ասել եմ՝ ես ու իմ տիկինը պառկելու ենք մեր զավակների կողքին»,- ասաց Արցախի հանրային ռադիոյի քաղաքական վերլուծաբան, լրագրող Միքայել Հաջյանը, որը 2016թ. քառօրյա պատերազմում կորցրել է երկու որդիներին՝ Նորայրին և Երվանդին։

Հուշահամալիրի ստեղծման մտահղացման հեղինակն Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն է, որը նախաձեռնության է վերածել Արցախի ՆԳ նախարար Կարեն Սարգսյանը։ Հուշահամալիրի կառուցումը ֆինանսավորել է «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն, գեներալ-մայոր Արթուր Վանեցյանն ընտանեկան միջոցներից։ Հուշարձանի տարածքը տրամադրել է իշխանությունը։