Հայաստանում վերջին տարիներին, ՀՀ կառավարության իրականացրած պետական քաղաքականության շնորհիվ, զգալիորեն ավելացել է էլեկտրական մեքենաների քանակը։ Այս մասին սեպտեմբերի 2-ին խորհրդարանի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում՝ «Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի և հարակից օրենքներում փոփոխությունների քննարկման ժամանակ, հայտարարել է օրենսդրական նախաձեռնության համահեղինակ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ցողիկ Վարդանյանը։

Պատգամավորը նշել է, որ այս ամենի հետ կապված՝ անհրաժեշտություն է առաջացել ապահովել համապատասխան իրավական կարգավորումները։ Դրանք, մասնավորապես, վերաբերում են վերոհիշյալ մեքենաները լիցքավորելու հնարավորությանը։ Վարդանյանի կարծիքով՝ այդ գործընթացը պետք է առավելագույնս պարզեցվի։ Օրինակ, քաղաքացիներին չպետք է տուգանեն իրենց ավտոտնակներում անհրաժեշտ սարքավորումներ տեղադրելու կամ ուղղակի լիցքավորման համար։ «Ըստ այս օրենսդրական նախաձեռնության՝ իրենց էլեկտրական մեքենաները լիցքավորող քաղաքացիները ստիպված չեն լինի լիցքավորման սարքի համար նոր բաժանորդային պայմանագիր կնքել», - պարզաբանել է պատգամավորը։

Միաժամանակ, օրենքի նախագծում կա հստակ վերապահում. եթե թույլատրելի բեռնվածությունը գերազանցելու (10 կիլովատտ) պատճառով բաժանորդի տանը էլեկտրականությունն անջատվի, ապա նա ոչինչ չի կարող պահանջել «Հայաստանի էլեկտրական ցանցերից»։

Փոփոխությունները կազդեն ոչ միայն անհատների, այլև բիզնեսների վրա։ Օրինակ՝ ձեռնարկատերերը կկարողանան լիցքավորման սարքեր տեղադրել իրենց խանութի կամ սրճարանի կողքին։ Եվ կրկին՝ առանց առանձին բաժանորդային պայմանագիր կազմելու։

Իր հերթին, ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը մտահոգություն է հայտնել։ Նրա կարծիքով՝ օրինագիծն ավելի մանրակրկիտ քննարկման և մշակման կարիք ունի։ Նա վստահ է, որ այս նախագիծը չի լուծում ինքնակամ միացումների խնդիրները, որոնք քաղաքացիներն իրականացնում են իրենց բնակարաններից։ «Բակերից շատերում բնակարաններից դեպի ավտոտնակներ անկանոն ձգված են մալուխներ... Սա բնակիչների համար էլեկտրական հարվածի վտանգ է ստեղծում։ Ռիսկերը հատկապես մեծանում են վատ եղանակին կամ շոգին», - նկատել է պատգամավորը։

Նրա խոսքով՝ նման ինքնակամ միացումներն ավելացել են այն բանից հետո, երբ նոր բաժանորդ միացնելու վճարը 50 հազար դրամից դարձել է 400 հազար։ Բացի այդ, օրենքի նախագծի համաձայն՝ առաջարկվում է ինքնավար էլեկտրակայանների կարգավիճակ սահմանել մինչև 500 կՎտ հզորությամբ, որոնք կառուցվել են 2018-2022 թվականներին։ Դրանից հետո ինքնավար էլեկտրակայանի առավելագույն հզորությունը նվազեցվել է մինչև 150 կՎտ։ Այժմ առաջարկվում է անցումային շրջանում կառուցված կայաններին նույնպես ինքնավարի կարգավիճակ տալ։ «Փաստորեն, դա հնարավորություն կտա էլեկտրաէներգիա վաճառել ազատ շուկայում՝ առանց որևէ լրացուցիչ լիցենզիայի», - պարզաբանել է Վարդանյանը։

Որոշ քննարկումներից հետո այս օրենսդրական նախաձեռնությունը դրական կարծիք է ստացել մշտական ​​խորհրդարանական հանձնաժողովի կողմից։