Ստամբուլի ծանր հանցագործությունների գծով 13-րդ դատարանում ընթացող «Էրգենեկոն-1»-ի գործով դատավարության ժամանակ կալանքի տակ գտնվող կասկածյալները դահլիճում ծեծկռտուք են սարքել եւ հայհոյել միմյանց։
Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ «Էրգենեկոն-1»-ի գործով 211-րդ դատական լսումն ուղեկցվել է սկանդալներով։ Դահլիճից դուրս գալու ժամանակ կասկածյալներից Էրհան Թիմուրօղլուն հետեւից բռունցքով հարվածել է մեկ այլ կասկածյալի՝ Օսման Յըլդըրըմին։ Այդ ընթացքում այլ մի քանի այլ կասկածյալներ եւս շարժվել են Յըլդըրըմի ուղղությամբ։ Իրավապահները դժվարությամբ են բաժանել ծեծկռտուքի մասնակիցներին։ Օսման Յըլդըրըմն այդ ընթացքում սկսել է հայհոյել իր վրա հարձակվողներին։
Հիշեցնենք, որ «Էրգենեկոն»-ը ենթադրյալ ահաբեկչական գաղտնի կառույց է, որի նպատակներից է եղել Թուրքիայում քաոս ստեղծելու միջոցով հեղաշրջում իրականացնել: «Էրգենեկոնի» ծրագրերի մեջ է եղել Պոլսո Հայոց պատրիարքի, Սեբաստիայի հայ համայնքի ղեկավարի սպանությունները կազմակերպելը:
«Էրգենեկոն»-ի դատավարությունը բաժանվել է 3 տարբեր դատական գործընթացների։




























