Աշխարհի ամենամեծ և ամենաերկարակյաց սառցաբեկորն աստիճանաբար կոտրվում է ավելի փոքր բեկորների և շուտով կդադարի լինել օվկիանոսների ամենամեծ սառցե կտորը, հաղորդում է AP-ն։
Կոլորադոյի համալսարանի գիտնական Թեդ Սքեմբոսը նշել է, որ A23A մեգա սառցաբեկորը, հավանաբար, չի գոյատևի մինչև նոյեմբերի վերջ և կարող է հանկարծակի փլուզվել, ինչպես «ծովում սառցե ձնահոսքը»։
«Դրան հետևելը հետաքրքիր է, սա աննախադեպ չէ, - Associated Press-ին ասել է Սքեմբոսը,- Բայց ամեն անգամ նման իրադարձությունները բավականին տպավորիչ են»։
Քանի որ օվկիանոսի մակերեսային ափամերձ գոտու սառցաշերտերն արդեն լողում են ջրի վրա, դրանց նվազումը չի բարձրացնում ծովի մակարդակը։ Սակայն կրճատվող սառցաշերտերն արագացնում են մայրցամաքային սառցադաշտերի հալումը, ինչը հանգեցնում է օվկիանոսի մակարդակի մի քանի մետրով բարձրացմանը։
A23A մեգա սառցաբեկորն Անտարկտիդայի Ֆիլչներ-Ռոն սառցաբեկորից 1986 թվականին անջատվել է ճեղքի երկայնքով, որն առաջին անգամ հայտնաբերվել է 1950-ականներին և անվանվել Մեծ ճեղք։ Գրեթե երեքուկես տասնամյակ սառցաբեկորն անշարժ էր մնում մայրցամաքի մոտ, մինչև վերջին մի քանի տարիների ընթացքում այն շարժվեց դեպի Հարավային Ջորջիա, որտեղ սառցաբեկորները «մեռնում են», պատմում է Սքամբոսը։
Այս տարվա սկզբին A23A-ն Ռոդ Այլենդի չափի էր և կշռում էր մեկ տրիլիոն տոննա։ Այժմ այն հասել է Հյուսթոնի չափի և շարունակում է հալվել։ Աշխարհի նոր խոշորագույն սառցաբեկորը D15A-ն է, որը գրեթե կրկնակի մեծ է փոքրացած A23A-ից, հայտնել է Բրիտանական Անտարկտիդայի հետազոտության խմբի անդամ Էնդրյու Մեյերսը։
A23A-ն արդեն իսկ առաջացրել է ավելի փոքր սառցաբեկորներ՝ A23D, A23E և A23F անուններով։ NASA-ի պատկերները ցույց են տալիս, որ 2025 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ սառցաբեկորը դեռևս ամուր էր, բայց առանձին բեկորները պոկվում են։
«Այն դեռևս բավականին հաստ է, բայց շատ ավելի բարակ է, քան այն ժամանակ, երբ լքում էր մայրցամաքը,- ասում է Սքեմբոսը։ -Ալիքներն ու մակընթացությունները աստիճանաբար գտնում են թույլ կետեր, և այդ հատվածները պոկվում են»։
Մեյերսը հավելում է, որ սառցաբեկորի քայքայումը կարագանա, և մինչև սեզոնի ավարտը այն, հավանաբար, կբաժանվի չափազանց փոքր կտորների, որոնց հետևելն անհնար կլինի։
Եթե սառցաբեկորը պահպանվի մինչև Անտարկտիդայի գարուն, ամառը խոստանում է էլ ավելի կործանարար լինել։ Վերևից եկող տաք ջուրը կարող է հանկարծակի փլուզում առաջացնել, որը կնմանվի «ջրի վրա ձնահոսքի» և տեղի կունենա ընդամենը մեկ օրվա ընթացքում։
Հունվարին Մեյերսը, որը այցելել էր սառցաբեկորը 2023 թվականի վերջին, A23A-ն նկարագրել է որպես հսկայական սառցե պատ՝ «հորիզոնից հորիզոն, «Գահերի խաղի» հանգույն»։
Գիտնականները նշում են, որ Հարավային Ջորջիայի մոտ մեգա-սառցաբեկորների ծնունդը և դրանց հետագա քայքայումը բնական գործընթաց է, որը տեղի է ունենում դարեր շարունակ։




























