Գերմանիան Եվրոպայում առաջիններից մեկն էր, որը որդեգրեց այսպես կոչված Energiewende-ի քաղաքականությունը՝ լայնածավալ անցումը վերականգնվող էներգիայի աղբյուրներին և հրաժարումն ատոմային և ածխային գեներացիայից։

«Վերականգնվող էներգիայի աղբյուրների աջակցությունը միջին տնային տնտեսությանն արժենում է ընդամենը մոտ 1 եվրո ամսական՝ նույնքան, որքան մեկ գնդիկ պաղպաղակը»,- 2004 թվականին հայտնել էր այն ժամանակվա բնապահպանության նախարար Յուրգեն Տրիտինը։

Այս նախագիծը հաճախ անվանում էին օրինակելի, սակայն Գերմանիայի առևտրաարդյունաբերական պալատի (DIHK) նոր հետազոտությունը ցույց է տվել, որ կանաչ էներգիայի աղբյուրների վրա ծախսերն առաջիկա 25 տարիների ընթացքում կարող են հասնել մոտ 5,4 տրիլիոն եվրոյի, գրում է գերմանական Bild պարբերականը։

DIHK-ի տվյալներով՝ մասնավոր ներդրումները հատկապես արագ կաճեն՝ էներգետիկայի, արդյունաբերության, շենքերի և տրանսպորտի ոլորտներում։ Դրանք ներկայում կազմում են տարեկան մոտ 82 միլիարդ եվրո, բայց մինչև 2035 թվականը կարող են հասնել 316 միլիարդի: Ծախսերի աճի հիմնական պատճառներն են էլեկտրացանցի թարմացման, նոր էլեկտրակայանների կառուցման, ներմուծվող էներգիայի համար ավելի շատ վճարելու և գործարանների ու ֆաբրիկաների գործունեությունը վերակառուցելու անհրաժեշտությունը։

«Ներկայիս քաղաքականության պայմաններում էներգետիկ անցումն անհնար է իրականացնել»,- հայտարարել է DIHK-ի նախագահ Պիտեր Ադրիանը։

Ըստ Ադրիանի՝ ձեռնարկատերերը գնալով ավելի շատ ճնշման տակ են և ավելի ու ավելի շատ են արտադրությունը տեղափոխում արտասահման: Դա սպառնում է ոչ միայն աշխատատեղերին, այլև Գերմանիայի ընդհանուր մրցունակությանը։

Էկոնոմիկայի նախարար Կատերինա Ռայխեն արդեն հայտարարել է որոշ ծրագրեր վերանայելու ծրագրերի մասին: Նա կարծում է, որ նավթից, գազից և ածուխից հրաժարվելու քաղաքականությունը պետք է շարունակվի, բայց միևնույն ժամանակ անցումը պետք է ֆինանսապես իրագործելի լինի։

DIHK-ի ղեկավարությունը ողջունել է Ռայխեի դիրքորոշումը: Ըստ պալատի՝ նորարարությանը խոչընդոտում է նաև բյուրոկրատիան՝ չափազանց մանրախնդիր կարգավորումներ, կառավարության չափազանց մեծ վերահսկողություն և շեշտադրում միայն մի քանի տեխնոլոգիաների վրա։