Ցմահ ազատազրկված եւ հացադուլ հայտարարած բանտարկյալները բաց նամակով դիմել են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին, որտեղ խնդրում են հնարավորություն տալ օգտվել համաներման իրավունքից:
Նամակում, մասնավորապես, ասվում է. «Հարգելի պարոն Սերժ Սարգսյան, մեր ծանր հոգեֆիզիկական վիճակն ու ձայնը Ձեզ հասցնելու այլ ելք չգտնելով, որոշեցինք ծայրահեղ ու, ոմանց համար, գուցե եւ ճակատագրական քայլի գնալ: Արդեն մի քանի օր է ցմահ դատապարտվածների մի խումբ հացադուլ է հայտարարել եւ նրանցից մեկը` Գուրգեն Ռազմիկի Սարգսյանը, որն այդ արել էր կարած բերանով, առողջական լուրջ խնդիրներ ունեցավ, այնուամենայնիվ, բոլորիս պահանջ-խնդրանքը միանշանակ է ու շարունակելի: Հունվարի 19-ին հացադուլավորների խմբին միացան եւս երկուսը` Հարություն Նուրիջանի Խաչատրյանն ու Արել Լենիկի Չատինյանը: Խնդրում ենք տվեք մեզ համաներման իրավունքից օգտվելու հնարավորությունը, որն ավելի ուղղիչ ու պարտավորեցնող կլինի, քան... Հավատացնում ենք, ցմահ դատավճիռ կայացնելու պահին, դատապարտյալը մինչեւ իր վերջին բջիջն այնքան խորն է ապրում ու կրում այդ պատիժը, որ մնացած տարիներին ոչինչ չի մնում ավելացնելու, թերեւս միայն չարություն: Ուզում ենք հավատալ, որ մի պահ Ձեր ուշադրությունը մեր կողմ կդարձնեք ու հանձինս մեզ կտեսնեք երբեմնի ազատ, բարի նպատակներով ու ձգտումներով ընկերներ, հարազատներ, ընտանիք, եւ ընդհանրապես, առօրյա կյանքի ռիթմ ունեցող սովորական մի քաղաքացու, ով կամա թե ակամա սայթաքեց ու մեկընդմիշտ փոխեց ոչ միայն իր, այլեւ իր հարազատների կյանքի որակը: Խնդրում ենք դրսեւորել Ձեր բարի կամքը մեր ու մեր հարազատների կյանքի հանդեպ, թեկուզ որպես բարոյական ապտակ, չէ որ դա եւս դաստիարակչական փորձված մեթոդ է` շնորհակալությունը, սերն ու հավատը միասին մեծ ուժ են, անկոտրում համաձուլվածք: Հնարավորություն տվեք զգալ մեր թիկունքում հայրենիքի շունչը հանձինս Ձեզ, չէ որ այդ նույն հայրենիքի համար մենք էլ ենք կռվել ու պայքարել.... Էլ չենք ասում, որ մեզանից մեկը` Արեն Լեռնիկի Չատինյանը, այն ժամանակ դեռ 22 տարեկան, Ղարաբաղի Մարտակերտի սահմանները պատվով պաշտպանելուց ուղիղ 2 ամիս անց արժանացավ այդ դաժան ճակատագրին ու ոչ մի մեղմացուցիչ հանգամանք չկիրառվեց նրա հանդեպ (ինչ է թե վնասել էր կամրջի տակ իր ժամկետանց վկայականն անհարգի շահարկող փող շորթող ոստիկանին): Անգամ անտեսեցին ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությունը` «Անձի շիզոյիդ խանգարում», եզրակացություն No 7615.07.2008 թ.:Ի դեպ, այդ հիվանդությունը նա վաստակել է բանակում, այդ նույն հայրենիքի սահմանները պաշպանելիս:
Մի խոսքով ուզում ենք հիշեցնել, որ նույն հայրենիքի որդիներն ենք, թեկուզ պատից այն կողմ, բայց ոչ Մասիսից այն կողմ»:
Ցմահ ազատազրկված բատապարտյալների հացադուլի վերաբերյալ, ԱՆ Քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը NEWS.am-ին հայտնեց, որ հունվարի 20-ին ցմահ դատապարտյալներից 2 հոգի հացադուլ են հայտարարել, իրենց քրեական գործերի հետ կապված: Նրանց առանձնացրել են առանձին խուց եւ ներկա պահին գտնվում են բժիշկների հսկողության տակ:




























