1991թ. դեպքերի ընթացքում Լիտվայում զոհված Ապոլինարաս Պովիլայտիսի որդին Նոբելյան հանձնաժողովին կոչ է արել Միխայիլ Գորբաչովին զրկել խաղաղության մրցանակից: Այդ մրցանակը ԽՍՀՄ նախկին նախագահն ստացել էր Վիլնյուսի արյունահեղություններից գրեթե մեկ տարի առաջ:
Հիշեցնենք, Լիտվան ամենաառաջինն էր ձգտում դուրս գալ ԽՍՀՄ կազմից, եւ դա նրան հաջողվեց: Բայց հարցն առանց արյունահեղության չլուծվեց: 1991թ. հունվարին լիտվական մայրաքաղաք մտան խորհրդային տանկերը, 12-ի լույս 13-ի գիշերը զանգվածային հանրահավաքների ընթացքում խաղաղ բնակիչներ զոհվեցին:
Գորբաչովին մրցանակը հանձնեցին 90-ի աշնանը, իսկ Լիտվան իր անկախության մասին հայտարարել էր դեռեւս նույն թվականի մարտին: Լիտվայի երկաթյա տիկին, երկրի վարչապետ Կազիմիրա Պրունսկենեն այդ ժամանակ մեկնեց համաշխարհային առաջնորդների հետ բանակցություններ վարելու, այդ թվում` Գորբաչովի, հիշեցնում է vesti.ru-ն:
Պրունսկենեն հիշում է, որ Գորբաչովի հետ պայմանավորվածություն էր ձեռք բերվել բանակցություններ սկսելու մասին, զրույցը պետք է հանգիստ ընթանար, բայց երկխոսության ծավալմանը խանգարել է հենց այդ նույն խաղաղության Նոբելյան մրցանակը: Այն ցանկանում էր ստանալ նաեւ լիտվական անկախության «Սայուդիս» շարժման առաջնորդ, իսկ ներկայումս Եվրախորհրդանի պատգամավոր Լիտվայից Վիտաուտաս Լանդսբերգիսը: Պրունսկենեի կարծիքով` Նոբելյան մրցանակի համար այս մրցակցությունը որոշակի դեր խաղաց դեպքերի հետագա զարգացման գործում:




























