Ռուս դերասան Ալեքսանդր Պորոխովշչիկովին, որի անհետանալու մասին հայտնել էր կինը, գտել են Մերձմոսկովյան Գորկի-2 ավանում հանգիստ սուրճ խմելիս:
Դերասանին հանդիպած ականատեսներից մեկը, իմանալով, որ նրան փնտրում են, զանգահարել է ոստիկանություն եւ հաղորդել, որ Ալեքսանդր Շալվովիչը Գորկի-2 ավանի խանութներից մեկում գնումներ է կատարում:
Ոստիկանները մեկնել են նշված խանութ եւ շուտով 72-ամյա դերասանին հայտնաբերել մոտակա բնակավայրերից մեկում: Ալեքսանդր Շալվովիչը անվրդով կեցվածքով սուրճ խմելիս է եղել, երբ նրա առջեւ հայտնվել է քրեական ոստիկանության պետը: Դերասանն ասել է, որ «պարզապես մի քիչ հոգնել է», հաղորդում է Lifenews-ը:
Հիշեցնենք, դերասանի անհետացման մասին նախօրեին հեռուստաալիքներից մեկի եթերում հայտնել էր նրա կինը` Իրինան: Նա ասել էր, որ հունվարի 20-ից սկսած չի կարողանում կապ հաստատել ամուսնու հետ: Իրինայի խոսքով` Ալեքսանդր Շալվովիչը տնից դուրս էր եկել եւ դրանից հետո ոչ գործընկերները, ոչ մտերիմները նրան չեն տեսել, եւ նրա գտնվելու վայրն անհայտ է եղել:




























