Շվեյցարական բանակը պայքարում է Դավոսի  ճանապարհների առատ ձյան դեմ` Համաշխարհային տնտեսական համաժողովի նախաշեմին:

Ընդհանուր թվով, ոստիկանությանը ձյան մաքրման աշխատանքներում օգնում է շուրջ 5 հազար զինծառայող: Նրանց խնդիրը տվյալ պահին Դավոսի շուրջ 18 կմ շառավղով արգելապատնեշների տեղադրումն է, ինչին խիստ խանգարում են ձնակույտերը, հաղորդում է «Վեստին»

Հանդիպման բոլոր օրերին  (հունվարի 25 -29-ը) Դավոսի շրջակայքում 46 կմ շառավղով կփակվի օդային տարածքը եւ կարգելվի բոլոր տեսակի ինքնաթիռների եւ թռչող սարքերի թռիչքը: Բացառություն կարվի միայն համաժողովի մասնակից բարձրաստիճան հյուրերի ինքնաթիռների համար:

Ինչպես տեղեկացնում է НТВ-ն, ի տարբերություն համաժողովի մասնակիցների, ձյունը ավելի քան ձեռնտու է «Շրջափակիր» շարժման կողմնակիցների համար: Նրանք ձյունից աղյուսներ են պատրաստում էսկիմոսական խրճիթ սարքելու համար:  «Ճարպակալած կատուների» դեմ բողոքողների ճամբարը էսկիմոսական ոճով է պատրաստված:

2012թ. Համաշխարհային տնտեսական համաժողովն անցկացվում է «Մեծ  վերափոխում.  նոր մոդելների ձեւավորում» կարգախոսով:

«Կոմերսանտի» տվյալներով`դավոսյան տնտեսական համաժողովը այս տարի նվիրված կլինի համաշխարհային տնտեսության առկա խնդիրների լուծմանը, ներառյալ եվրագոտու երկրների պետական պարտքերը, Չինաստանի տնտեսական աճի դանդաղեցումը, ինչպես նաեւ նավթային շուկայում տատանումները` պայմանավորված Իրանի դեմ պատժամիջոցներով եւ Սաուդյան Արաբիայի հնարավոր անկայունությամբ: