Նկարիչ Պիտեր Պաուլ Ռուբենսի «Քրիստոսը խաչի վրա» կտավը հայտնաբերվել է փարիզյան առանձնատանը, որը պատրաստվում էր վաճառքի դրվել, գրում է AFP-ն՝ վկայակոչելով Osenat աճուրդի տան նախագահ Ժան-Պիեռ Օսենին:

Օսենի խոսքով՝ ինքը նկարը հայտնաբերել է 2024 թվականի սեպտեմբերին՝ Փարիզի 6-րդ շրջանում գտնվող մի առանձնատան գույքագրման և վաճառքի ժամանակ։ Կտավը «շատ լավ վիճակում է», - հավելել է աճուրդավարը։

Նկարի օրիգինալությունը հաստատել է գերմանացի արվեստի պատմաբան Նիլս Բյուտտները, ով հայտնի է ֆլամանդական բարոկկոյի վարպետների իր ուսումնասիրություններով։ Ժան-Պիեռ Օսենան պարզաբանել է, որ կտավը պատկանում է բարոկկոյի գեղանկարչության շատ վաղ շրջանին և պատկերում է խաչված Քրիստոսին՝ «միայնակ, շողշողուն և վառ կերպով առանձնացած մութ ու սպառնալից երկնքի ֆոնին»։

105.5 x 72.5 սանտիմետր չափսերով աշխատանքը Ռուբենսը նկարել է 1613 թվականին և հավանաբար, նախատեսված է եղել մասնավոր հավաքորդի համար, գրում է AFP-ն։ Այն պատկանել է 19-րդ դարի ակադեմիկոս նկարիչ Վիլյամ Բուգրոյին, ապա՝ այն առանձնատան տերերին, որտեղ այն գտնվել է։

Հայտնաբերված նկարը աճուրդի կհանվի Ֆոնտենբլոյում նոյեմբերի 30-ին։