Գնչու բարոն Կիրիլ Ռաշկովը, ում մեղքով տեղի էին ունեցել Կատունիցա գյուղի դեպքերը եւ դրան հետեւած անկարգությունները ողջ Բուլղարիայի տարածքում, դատարանի վճռով դատապարտվել է 3,5 տարվա ազատազրկման:

Նշենք, որ ամեն ինչ սկսվել է գյուղի 19-ամյա բնակչի մահից հետո: Նրան վրաերթի էր ենթարկել գնչուական միկրոավտոբուսը: Ոստիկանությունը նախ ձերբակալել էր Ռաշկովի թոռանը, ով, սպանվածի քեռու խոսքով, զարմիկին սպառնացել էր սպանել:

Ապա ձերբակալվել էր ռաշկովը, ով սպառնացել էր սպանվածի հարազատներին:

Միջադեպը գնչուների դեմ ուղղված բողոքի ալիք էր բարձրացրել: Անգել Պետրովի մահից մի քանի օր հետո Կատունիցա էին ժամանել հարյուրավոր ֆուտբոլային ֆանատներ, ազգայնականներ եւ բայքերներ: Նրանք սկսել էին այրել ավտոմեքենաներն ու վառվող շշեր նետել գնչուական քոթեջների վրա: Հրդեհվել էին նաեւ Ռաշկովին պատկանող մի քանի տներ:

Պլովդիվում հանրահավաքին մոտ երեք հազար մարդ էր մասնակցել, ցույցեր են եղել այլ վայրերում եւ բախումներ գնչուների հետ: Անկարգությունների արդյունքում զոհվել է 17-ամյա դեռահաս, հինգ մարդ վիրավորվել էր, ավելի քան 100-ը ձերբակալվել էին: