Գիտնականները կարծում են, որ նույնիսկ արհեստական բանականության արագ զարգացման դարաշրջանում պատմաբանների դերը միայն մեծանում է։ Պատճառն այն է, որ ոչ մի ալգորիթմ ի վիճակի չէ ընկալել անցյալի իրադարձությունների զգացմունքային և բարոյական խորությունը։ Այս մասին հայտարարել է Կոռնելի համալսարանի նացիստական Գերմանիայի պատմության մասնագետ Յան Բուրցլաֆը։ Աշխատանքը հրապարակվել է Rethinking History (RH) ամսագրում։
Իր ուսումնասիրության մեջ հետազոտողը վերլուծել է, թե ինչպես է ChatGPT-ն վերապատմել Հոլոքոստը վերապրածների վկայությունները, որոնք գրանցվել են Լա Պասում, Կրակովում և Կոնեկտիկուտում 1995 թվականին։
Պարզվել է, որ արհեստական բանականությունը բաց է թողել կարևորագույն մանրամասներ: Օրինակ՝ յոթամյա Լուիզ Դ.-ի ցուցմունքում այն մասին, թե ինչպես է մայրը կտրել իր մատը, որպեսզի մահացող երեխան կարողանա արյան կաթիլներից «գոնե մի կաթիլ խոնավություն» ստանալ, ChatGPT-ն անտեսել է այս դրվագը:
«Եթե արհեստական բանականությունը ի վիճակի չէ փոխանցել նույնիսկ նման տեսարաններ՝ ժամանակակից պատմության մեջ մարդկային տառապանքի գագաթնակետը, ապա այն կաղավաղի նաև ավելի «նուրբ» սյուժեները»,- ընդգծել է Բուրցլաֆը։ «Պատմաբաններն անհրաժեշտ են, որովհետև նրանք կարողանում են լսել և մեկնաբանել։ Արհեստական բանականությունը կարողանում է միայն ընդհանրացնել»։
Հետազոտողը նշում է, որ ChatGPT-ի նման համակարգերը կարող են անսպասելի տեսանկյուն առաջարկել, բայց միևնույն ժամանակ ձգտում են «պարզեցնել» պատմությունը, այդ թվում՝ այնպիսի ողբերգություններ, ինչպիսին է Հոլոքոստը, որոնք հնարավոր չէ բերել պարզ ու գծային շարադրանքի։
Նա զոհերի վկայությունները անվանում է արհեստական բանականության «լակմուսի թուղթ». «Ալգորիթմները հարթ են և կարգուկանոն ունեն, մինչդեռ պատմաբանի աշխատանքը բարոյական կշիռը պահպանելն է»։
Հոդվածում նա հինգ սկզբունք է ներկայացրել հետազոտողների և դասախոսների համար, ովքեր աշխատում են տրավմայի, ցեղասպանության և պատմական անարդարության թեմաներով։ Դրանցից գլխավորը հետևյալն է. պատմաբանները պետք է հնչեն «ոչ թե որպես մեքենաներ»՝ հենվելով ոչ թե կրկնվող ձևանմուշների (պատերնների), այլ եզակի վկայությունների վրա։





























