Լոռիի մարզպետ Արթուր Նալբանդյանը մարզպետարանում ամենշաբաթյա խորհրդակցության ժամանակ գյուղապետերին զգուշացրել է տրամադրվող պարարտանյութի համար 6 հազար դրամից որեւէ լումա ավել չպահանջել, հակառակ դեպքում պատասխանատվությունը կրելու է միմիայն համայնքի ղեկավարը: Այս մասին հաղորդում է NEWS.am-ի Լոռիի մարզի թղթակիցը:
Նշենք, որ գարնանացանի համար ձեռքբերված պարարտանյութն օրերս կհասնի տվյալ համայնք, որտեղից էլ բնակիչները կարող են վերցնել իրենց հասանելիք չափաբաժինը:
Այս առումով սակայն գյուղապետերն էլ իրենց հերթին են դժգոհում, ասելով, որ մարզկենտրոնից գյուղ հասցնելու համար մեծ գումարներ են անհրաժեշտ ինչպես մեքենայի վարձակալման եւ տեղափոխման, այնպես էլ բանվորական ուժի վճարման համար, ինչն ըստ գյուղապետերի, համայնքի ուժերով հնարավոր չէ կազմակերպել:
«Չեմ կարող ասել, թե ինչպես կլուծվի այդ պարարտանյութը տեղ հասցնելու հարցը, որովհետեւ միայն մի մեքենա պարարտանյութ տեղափոխելը մարզկենտրոն Վանաձորից մինչեւ Մեծ Պառնի համայնք 100 հազար դրամ կնստի մեր վրա, բանվորի ու վարորդի վարձատրությամբ, ճանապարհածախսով, բայց մեզ ասել են, որ էդ հարցն էլ կլուծվի»,-NEWS.am-ի թղթակցի զրույցում ասել է Մեծ Պառնիի գյուղապետ Հրայր Յաղուբյանը: Ի դեպ, միայն Մեծ Պառնի համայնքը պատվիրել է 120 տոննա պարարտանյութ:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Կառավարությունն այս տարի էլիտար ցորենի եւ գարու սերմերին զուգահեռ Ռուսաստանից Հայաստան է ներմուծելու նաեւ բարձորակ պարարտանյութ: Այն ստանալու համար գյուղապետարաններում ցուցակագրում է կատարվել:



























