Ամբողջ աշխարհից Շվեյցարիայի Դավոս քաղաքի տնտեսական համաժողովին մասնակցելու համար ժամանած միլիարդատերերը ունեցվածքի անհավասար բաշխումը արդի ժամանակների ամենամեծ խնդիրն են համարում:
«Դավոս հրավիրվածներից շատերը մեղադրվում են այն բանում, որ աշխարհում հավասարություն չկա», - կարծում է Վիկաս Օբերոյը` Oberoi Realty Ltd զարգացման ընկերության հիմնադիրը: «Ես կարծում եմ, որ այս միջոցառումը ոչ միայն հանուն նորաձեւության է արվում, այն շատ ավելին է, քան ուղղակի մեծ երեկույթը»:
Գործարարները, հայտնում է Bloomberg-ը, կարծում են, որ նախորդ տարի աշխարհը ցնցած բողոքները, պետք է նախազգուշացում դառնան ֆինանսական վերնախավի համար: Նրանցից ոմանց կարծիքով` խնդիրների լավագույն լուծումը Դավոսի համաժողովին մասնակցելու եկածների եւ առկա տնտեսական իրավիճակից դժգոհ շրջանակների միջեւ կառուցողական երկխոսությունն է:
Միաժամանակ, ինչպես տեղեկացնում է հրատարակչությունը, Օբերեյի եւ մյուսների համար հեշտ չի լինի թեմատիկային համապատասխան միջոցառումներ գտնելը. Համաժողովի 130 էջանոց ծրագրում «անհավասարություն» խոսքը հանդիպում է միայն մեկ անգամ, այն էլ արվեստի թեմայով կլոր սեղանի անվանման մեջ:
Իսկ բողոքողները Դավոսում արդեն ճամբար են հիմնել: OccupyWEF («Գրավիր Համաշխարհային տնտեսական համաժողովը») խումբը իր կայքում հայտարարել է. «Այս տարի մենք թույլ չենք տա մեզ` բնակչության 99%-ին հեռացնել քննարկումներից»:
Համաշխարհային տնտեսական համաժողովը (ВЭФ, World Economic Forum) մեկնարկել է հունվարի 25-ին. Դրա գլխավոր թեման «Մեծ փոխակերպում. Նոր մոդելներ ձեւավորելիս»:
Սպասվում է, որ 2012թ. համաժողովին ռեկորդային թվով քաղաքական գործիչներ, գործարարներ եւ տնտեսագետներ կմասնակցեն` ավելի քան 2600 մարդ: Նրանցից գրեթե 40-ը պետությունների կամ կառավարությունների ղեկավարներ են, այդ թվում` Կանադայից, Մեծ Բրիտանիայից, Իռլանդիայից, Ֆինլանդիայից, Ադրբեջանից, Վրաստանից, Իսրայելից, Մեքսիկայից, Նիդեռլանդներից, Շվեյցարիայից, Լեհաստանից, Ուկրաինայից, Սինգապուրից, ՀԱՀ-ից:
Մասնակիցների թվում նշված են ԱՄՆ ֆինանսների նախարար Թիմոթի Գայթները, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը, Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) ղեկավար Քրիսթին Լագարդը, Համաշխարհային բանկի նախագահ Ռոբեր Զելլիկը, Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Նաբիլ ալ Արաբին: Համաժողովի բացումը կանի Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, գրում է gazeta.ru-n:



























