NASA-ի գիտնականներն առաջարկել են միջուկային զենք օգտագործել «քաղաքներ սպանող» մականունով 2024 YR4 աստղակերպը ոչնչացնելու համար։ Այդ օբյեկտը Երկրի համար սպառնալիք չէ, սակայն Լուսնի հետ բախման վտանգ կա, ինչը կարող է վտանգ ներկայացնել տիեզերանավի համար, գրում է LiveScience-ը՝ վկայակոչելով arXiv-ում հրապարակված հոդվածը:
Աստղակերպը հայտնաբերվել է 2024 թվականի դեկտեմբերի 27-ին։ 2025 թվականի փետրվարի 18-ին Երկրի հետ նրա բախման հավանականությունը գնահատվել է 3%, սակայն հինգ օր անց նոր տվյալները բացառել են մեր մոլորակի համար սպառնալիքը։ Ընդսմինն, լրացուցիչ հաշվարկները ցույց են տվել Լուսնի հետ հնարավոր բախումը 2032 թվականի դեկտեմբերին, որի հավանականությունը 2025 թվականի մայիսի համար կազմում է մինչև 4%։
2024 YR4-ը դասակարգվում է որպես Երկրին մոտ գտնվող օբյեկտ և մոտավորապես 15 հարկանի շենքի չափ է՝ 53-67 մետր։ Այս չափի աստղակերպները կարող են Չելյաբինսկի երկնաքարի նման մթնոլորտային պայթյուն առաջացնել՝ ավերածություններ անելով շենքերի վրա և պայթեցնելով պատուհանները: Գիտնականները կարծում են, որ օվկիանոս ընկնելու դեպքում բախումը էական հետևանքներ չի ունենա։
Լուսնի հետ բախումը կարող է լուսնային ռեգոլիթ դուրս մղել և միկրոմետեորոիդների հոսքը հազարապատիկ մեծացնել՝ մերձերկրյա ցածր ուղեծրում գտնվող տիեզերանավի և տիեզերագնացների, մասնավորապես՝ Միջազգային տիեզերական կայանի համար սպառնալիք ստեղծելով։
Հետազոտողները կարծում են, որ աստղակերպի հետագիծը շեղելու փորձի վտանգը չափազանց բարձր է՝ դրա զանգվածի անորոշության պատճառով: Հետևաբար, դիտարկվում է քայքայման տարբերակը՝ կինետիկ բախում (2030-2032 թվականներին) կամ միջուկային բախում (2029-2031 թվականներին):
2024 YR4-ի Լուսնի կողքով անցնելու հավանականությունը 96% է, բայց մասնագետները կարծում են, որ այդ իրավիճակը կարևոր հնարավորություն է մոլորակային պաշտպանության տեխնոլոգիաները փորձարկելու համար:





























