Թաիլանդում ուժեղ մուսսոնային անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղների հետևանքով յոթ մարդ է զոհվել, հաղորդում է AFP-ն։
Աղետների կանխարգելման և հետևանքների մեղմացման դեպարտամենտի հայտարարության համաձայն՝ այս շաբաթ Չաո Պրայա գետի երկայնքով գտնվող մի քանի գավառներում ավելի քան 260 000 մարդ է տուժել ջրհեղեղից։
Աղետների դեմ պայքարի ազգային գործակալությունը սկզբում երեքշաբթի օրը հայտնել էր Թաիլանդի կենտրոնական հատվածում չորս զոհի մասին, սակայն այժմ վերանայել է թիվը՝ հասցնելով յոթի։
Վարչապետ Անուտին Չարնվիրակուլը շաբաթ օրը այցելել է Այութայա նահանգ, որն ամենաշատն է տուժել տարերային աղետից։ Սա նրա պաշտոնը ստանձնելուց հետո առաջին այցերից մեկն էր։ Աղետների կանխարգելման գործակալության աշխատակիցների ուղեկցությամբ նա կարգադրել է իշխանություններին բաժանել գոյատևման հավաքածուներ, շարել ավազի պարկեր և վերահսկել սողանքների վտանգ ունեցող տարածքները։
Թաիլանդը չի տուժել «Բուալոյ» ուժեղ արևադարձային փոթորիկից, որն այս շաբաթ ավելի վաղ հարվածել էր Ֆիլիպիններին, սակայն օդերևութաբանական դեպարտամենտը նախազգուշացրել է առաջիկա օրերին սպասվող ուժեղ անձրևների մասին։ Հունիսից մինչև սեպտեմբեր թագավորությունում պարբերաբար լինում են առատ տեղումներ, բայց փորձագետներն ասում են, որ մարդածին կլիմայի փոփոխությունը ուժեղացրել է էքստրեմալ եղանակային պայմանները՝ դրանք էլ ավելի անկանխատեսելի դարձնելով։ Անցյալ ամիս Թաիլանդի հյուսիսում զոհվել է 5 մարդ և վիրավորվել 15-ը՝ «Կաջիկի» թայֆունով պայմանավորված սողանքների և ջրհեղեղների հետևանքով։ 2011 թվականին Թաիլանդում տեղի ունեցած լայնածավալ ջրհեղեղը ավելի քան 500 մարդու կյանք է խլել և միլիոնավոր տներ է վնասել ամբողջ երկրում։



























