ԱՄՆ Արիզոնա նահանգում հորդառատ անձրևից առաջացած ջրհեղեղի պատճառով առնվազն չորս մարդ է զոհվել, իսկ պրոպանով լցված հարյուրավոր բալոններ վտանգավոր իրավիճակ են ստեղծել ջրհեղեղից տուժած գյուղական տարածքում, հաղորդում է CBS News-ը։

Գիլա շրջանի արտակարգ իրավիճակների կառավարման ղեկավար Կառլ Մելֆորդը հայտնել է, որ երեք մարդ զոհվել է այն բանից հետո, երբ ջրհեղեղը ծածկել է Գլոուբ քաղաքը, որը գտնվում է Ֆինիքսից մոտ 88 մղոն արևելք և ունի շուրջ 7250 բնակիչ։

Ըստ նրա, երկու մարմին հայտնաբերվել է ավտոմեքենայում, ևս մեկը՝ ջրհեղեղի պատճառով ջրով ծածկված տարածքում։ Իշխանությունները միանգամից չեն կարողացել պարզել նրանց ինքնությունը։ Մյուս զոհը հայտնաբերվել է շաբաթ առավոտյան՝ ավտոմեքենայի մոտ, որը նախորդ երեկոյան ջրհեղեղի մեջ էր հայտնվել Ֆինիքսի արվարձանում։

Սքոթսդեյլի հրշեջ ծառայության տվյալներով, ավտոմեքենան դատարկ է եղել, երբ ուրբաթ երեկոյան այն նկատել են մասամբ սուզված մոտ 8 ֆուտ խորությամբ ջրի մեջ՝ Գրինբելթ զբոսայգու տարածքում։ Գիշերվա ընթացքում ջրի մակարդակի նվազումից հետո փրկարարները հայտնաբերել են մարդու դին՝ սեղմված հետիոտնային կամրջի տակ, հայտնել են դեպարտամենտից։

Ըստ Մելֆորդի, Գլոուբի գյուղական տարածքում, որը Արիզոնայի հնագույն հանքագործական բնակավայրերից մեկն է, շերիֆի օգնականները ուսումնասիրում են անհետ կորածների մասին հաղորդումները, սակայն նրանց թիվը դեռևս հստակեցված չէ։

«Ներկայումս իրականացնում ենք լայնածավալ որոնողափրկարարական աշխատանքներ», – ասել է նա։

Ֆինիքսի Ազգային օդերևութաբանական ծառայության տվյալներով, ուրբաթ օրը Ֆինիքս Սքայ Հարբոր օդանավակայանի շրջանում գրանցվել են վերջին յոթ տարվա մեջ մեկ օրվա ընթացքում ամենաշատ տեղումները։ Դա նաև եղել է քաղաքի պատմության մեջ 2000 թվականից ի վեր չորրորդ ամենաանձրևային օրը։