Գազայի հատվածում Իսրայելի պատերազմի հետևանքով զոհվել է ավելի քան 66 000 պաղեստինցի, հայտնում են Al Arabiya-ն և Associated Press-ը՝ հղում կատարելով Գազայի առողջապահության նախարարությանը։
Նախարարության ամենօրյա հաշվետվության համաձայն, զոհվածների թիվը հասել է 66 005-ի, իսկ վիրավորվածների թիվը՝ 168 162-ի՝ սկսած 2023 թվականի հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակման պահից։ Միայն վերջին 24 ժամում հիվանդանոցներ է տեղափոխվել 79 զոհված։
Իսրայելի զինված ուժերը շարունակում են հարձակումը Գազայում, մինչ վարչապետ Բենյամին Նեթանյահուն գտնվում է Վաշինգտոնում և նախատեսում է երկուշաբթի հանդիպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։
Իսրայելի գործողությունները ավերել են Գազայի մեծ տարածքներ, ստիպել մոտ 90 տոկոս բնակչությանը տեղահանվել և առաջացրել են աղետալի հումանիտար ճգնաժամ։ Մասնագետները նշում են, որ Գազա քաղաքում սով է։
Նախարարությունը չի տարանջատում զոհված քաղաքացիական անձանց և զինյալներին, սակայն պնդում է, որ կանայք և երեխաները կազմում են ընդհանուր զոհերի մոտ կեսը։ ՄԱԿ-ը և բազմաթիվ անկախ փորձագետներ այս թվերը համարում են հավաստի։





























