«Рив Гош» օծանելիքի և կոսմետիկայի ցանցի նոր սեփականատերը կարող է դառնալ «РВБ» ՍՊԸ-ն, որը «Wildberries» և «Russ» միացյալ ընկերությունն է, հայտնում է «Коммерсантъ»-ը։
Կողմերը հայտարարել են ռազմավարական գործընկերության կնքման մասին, սակայն փաստացի համաձայնության են եկել 5–6 միլիարդ ռուբլի արժողությամբ բիզնեսի իրավունքների փոխանցման շուրջ։ «Wildberries»-ի համար ցանցի ձեռքբերումը հնարավորություն է ամրապնդվելու պրեմիում դասի կոսմետիկայի շուկայում։ Ավելի վաղ «Рив Гош»-ի գնման շուրջ բանակցություններ էին վարվում Ալեքսեյ Մորդաշովի «Севергрупп»-ի հետ։
«РВБ» ՍՊԸ-ն կարող է գնել «Рив Гош»-ի բիզնեսը, «Коммерсантъ» պարբերականին են հայտնել մանրածախ առևտրի շուկայի երկու աղբյուրներ։ Ըստ նրանց՝ պայմանավորվածությունն արդեն ձեռք է բերվել, պայմանների համաձայնեցումը տևել է մի քանի օր։ «Wildberries»-ի և «Рив Гош»-ի մամուլի ծառայությունները չեն պատասխանել ԶԼՄ-ների հարցերին՝ վկայակոչելով սեպտեմբերի 26-ին տարածված հաղորդագրությունը։ Դրանում ընկերությունները հայտարարել են ռազմավարական գործընկերության մասին. առևտրային ցանցի 252 խանութ միացել է մարքեթփլեյսի ապրանքների ինքնաառաքման ծառայությանը։ Դրա դիմաց մանրածախ առևտրով զբաղվողը ստացել է սեփական բաժին «Wildberries»-ի կատալոգում։
«РВԲ» ՍՊԸ-ն ստեղծվել է 2024 թվականի ամռանը՝ «Wildberries»-ի և արտաքին գովազդի օպերատոր «Russ»-ի միաձուլման արդյունքում։ Համատեղ ձեռնարկությունում 65%-ը պատկանում է Տատյանա Կիմի (99% բաժնեմաս) և Վլադիսլավ Բակալչուկի (1%) «Вайлдберриз» ՍՊԸ-ին, իսկ 35%-ը՝ «Стинн» ՍՊԸ-ին, որի շահառուներն են «Russ» ԲԲԸ-ի սեփականատերեր, եղբայրներ Լևան և Ռոբերտ Միրզոյանները։ 2024 թվականին «РВБ»-ի հասույթը, ըստ հաշվապահական հաշվետվության, կազմել է 441,1 միլիարդ ռուբլի, զուտ շահույթը՝ 47,64 միլիարդ ռուբլի։
«Рив Гош»-ը հիմնադրվել է 1995 թվականին նախկին ամուսիններ Պավել և Լարիսա Կարաբանների կողմից։ Ցանցը մասնագիտացված է օծանելիքի և կոսմետիկայի, հիմնականում պրեմիում դասի, մեկ փաթեթի համար 4 հազար ռուբլուց ավելի թանկ ապրանքների վաճառքում։ Այժմ այն ունի ավելի քան 250 խանութ Ռուսաստանի 88 քաղաքներում։