Նյու Յորքի քաղաքապետ Էրիկ Ադամսը, որն արդարացվել է Թուրքիայի հետ հնարավոր կոռուպցիոն կապերի գործով, դադարեցնում է իր նախընտրական քարոզարշավը՝ մի բան, որի համար վաղուց էին պայքարում Դեմոկրատական կուսակցության թեկնածու Զոհրան Մամդանիի մրցակիցները, որոնք ցանկանում էին համախմբել ընդդիմությունը նրա դեմ, հայտնում է CNN-ը։

Ադամսը իր որոշման մասին հայտարարել է կիրակի օրը X-ում հրապարակած տեսանյութում։

«Չնայած մեր բոլոր ձեռքբերումներին՝ ես չեմ կարող շարունակել իմ վերընտրության քարոզարշավը։ Մամուլի կողմից իմ ապագայի շուրջ անընդհատ շահարկումները և քարոզարշավի ֆինանսական խորհրդի որոշումը՝ պահել միլիոնավոր դոլարներ, ձախողեցին լուրջ քարոզարշավի համար անհրաժեշտ միջոցներ հավաքելու իմ հնարավորությունը։ Այս քարոզարշավը նվիրված էր նրանց, ովքեր բավարար ապահովված չեն, մարգինալացված են, լքված և դավաճանված են կառավարության կողմից։ Այդ ժամանակից ի վեր ինձ համար պատիվ է եղել լինել ձեր քաղաքապետը, և հպարտությամբ կարող եմ ասել, որ մենք այդ հաղթանակը տարել ենք չորս տարի առաջ և կյանքի ենք կոչել այն՝ դարձնելով այս քաղաքը ավելի լավը նրանց համար, ում կառավարությունը հիասթափեցրել է», – հայտարարել է նա։

Ադամսի որոշումը՝ դուրս գալ նախընտրական մրցապայքարից, նոր շրջադարձ է քաղաքապետի ընտրություններում, որոնք վերջին տարիներին ոչ մի ընտրության նման չեն։

Մամդանին, որըդեմոկրատական սոցիալիստ է, հունիսին կայացած Դեմոկրատական կուսակցության նախնական ընտրություններում տպավորիչ հաղթանակ է տարել Նյու Յորքի նախկին նահանգապետ Էնդրյու Կուոմոյի նկատմամբ, որն այժմ անկախ քարոզարշավ է իրականացնում։