Մեքսիկայում թմրամիջոցներով զբաղվողների նախաքննության ընթացքում պարզվել է, որ նրանք իրականացնում են մարդկային զոհաբերություններ իրենց բիզնեսի ծաղկման համար: Հիմնականում «Սուրբ մահվան» զոհ են դառնում թշնամի կլանների ներկայացուցիչները:
Մեքսիկական El Universal հրատարակչությունը հայտնում է, որ ԱՄՆ-ում հետախուզման մեջ գտնվող թմրամիջոցների դիլերների վկայությունների համաձայն` «Լոս Սետաս» խմբի անդամները «Սուրբ մահվանը» (Santa Muerte) զոհաբերում են իրենց թշնամիներին, առաջին հերթին նրանց հետ մրցակցող «Կարտելյա դե սինալոայի» անդամներին: Արյունոտ ծիսակարգի զոհ են դարձել արդեն առնվազն 2 մարդ: Ըստ ականատեսների վկայության` նրանց տանջել են` բացելով փորը եւ արյուն հավաքելով «Սուրբ մահվան» զոհաբերության համար:
«Սուրբ մահվան» կերպարը տարածված է Մեքսիկայում եւ ԱՄՆ-ի հարավային նահանգներում: Սովորաբար ցանկությունների կատարման համար նրան տարբեր տեսակի կերակուր եւ խմիչք են զոհաբերում:
«Լոս սետասը» Մեքսիկայում թմրամիջոցների առեւտրով զբաղվող ամենաազդեցիկ խումբն է: Այժմ այն վերահսկում է երկրի 31 նահանգներից 16-ի հանցավոր գործունեությունը, ինչպես նաեւ մայրաքաղաք Մեխիկոյի դաշնային տարածաշրջանինը: Այն կազմավորվել է Մեքսիկայի էլիտար զորամասերի նախկին անդամներից, որոնք անցել են ծառայության թմրանյութերի մաֆիայիում:
2006 թվականի վերջից առայսօր թմրանյութերի առեւտրով զբաղվող հանցավոր խմբավորումների միջեւ տեղի ունեցած բախումների զոհ է դարձել ավելի քան 46 հազար մարդ, գրում է «ՌԻԱ Նովոստին»:




























