«Անօդաչու թռչող սարքերի պատը», որը եվրոպական երկրները քննարկում են իրենց արևելյան թևում, կարող է ծածկել արևմտյան Ուկրաինան և նույնիսկ Կիևի օդային գոտին: Դրա մասին հաղորդել է The Daily Telegraph պարբերականը:
«Արևմտյան բարձրաստիճան քաղաքական գործիչների և զինվորական պաշտոնյաների խմբի առաջարկած տարբերակներից մեկն արևմտյան Ուկրաինայի համար օդային պաշտպանության համակարգ ստեղծելն է՝ ռուսական հրթիռներն ու անօդաչու թռչող սարքերը խոցելու համար, իսկ հետագայում այդ վահանը՝ գործնականում թռիչքների արգելված գոտի, մինչև Կիև ընդլայնելու հնարավորությամբ»,- նշված է հոդվածում:
Ինչպես նշում է պարբերականը, եվրոպական երկրները, դրանց թվում՝ Մեծ Բրիտանիան, պետք է ընդունեն, որ ստիպված կլինեն գործել «ԱՄՆ-ի նվազագույն օգնությամբ», ինչպես նաև ընդունեն, որ ամբողջ եվրոպական մայրցամաքի ապագայի վրա ազդելու իրենց կարողությունն ուղղակիորեն կախված կլինի այն պաշտպանելու համար ռազմական ուժ կիրառելու նրանց պատրաստակամությունից:
«Անօդաչու թռչող սարքերի պատի» նախագիծը Գերմանիայի, Լեհաստանի, Ֆինլանդիայի և Բալթյան երկրների համատեղ նախաձեռնություն է, որը նպատակ ունի Ռուսաստանի հետ սահմանի երկայնքով տեղակայել բազմաշերտ մոնիթորինգի և ավտոմատացված անօդաչու թռչող սարքերի դեմ պաշտպանության համակարգեր: Նախագիծը ներկայում մշակման և նախատիպի ընտրության փուլում է:
Լոնդոնը հայտարարել է, որ նախագծում կօգտագործվեն Մեծ Բրիտանիայի և Ուկրաինայի համատեղ արտադրած անօդաչու թռչող սարքեր։





























