Նիդեռլանդների թագաժառանգ արքայադուստր Ամալիան ծառայության է անցել Թագավորական զինված ուժերում՝ սկսելով պահեստազորի պատրաստության ծրագրով ուսուցումը։ Նա թագավորական ընտանիքում բանակում ծառայության անցած առաջին կինն է, հաղորդում է NOS հեռուստաալիքը։

Հեռուստաալիքի տեղեկություններով՝ թագաժառանգ արքայադուստրը Թագավորական նավատորմի, բանակի և ռազմաօդային ուժերի պատրաստության շարքերն է անցել՝ կրտսեր զինվորական (երրորդ դասի ծովային և երրորդ դասի զինվոր) կոչումներ ստանալով։ Ամալիայի համար նախատեսված ստանդարտ պատրաստության դասընթացը ներառում է մի քանի շաբաթ տևողությամբ դաշտային պատրաստություն, ինչպես նաև տեսական պարապմունքներ։

Արքայադուստրը նախատեսում է իր գործնական պատրաստության փուլը փոքր-ինչ ուշ սկսել՝ ձիուց ընկնելուց ստացած ձեռքի կոտրվածքի պատճառով։ Նա այժմ սկսել է ծրագրի տեսական մասը, որը ներառում է ռմբանետաբանություն, մարտավարություն և քարտեզագրություն։ Բացի դրանից, Ամալիան կլինի Նիդեռլանդների պաշտպանության նախարարության աշխատակազմի անդամ՝ արտահաստիքային աշխատակցի կարգավիճակով։

Նիդեռլանդների պաշտպանական գերատեսչությունը լրագրողներին հայտնել է, որ թագաժառանգի ընտրության գործընթացում բացառություններ չեն արվել. նա անցել է բժշկական և հոգեբանական թեստավորում, ինչպես նաև անվտանգության ստուգում։ «Յուրաքանչյուր սան պետք է խիստ ընտրության գործընթաց անցնի՝ մեր պահանջներին համապատասխանելու համար»,- ընդգծել է դասընթացի ղեկավարի տեղակալ մայոր Պետրա Հայտեմանը։