Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հովսեփ Կուբաթյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ կաթնամթերքն այսօր թանկացել է։

«Պատճառը պարտադիր դրոշմավորումն է, Նիկոլ Փաշինյանի կառավարության ստեղծած մենաշնորհը 44-օրյա պատերազմից 3 օր անց և խուճուճ սխեմաներով ընտրված ընկերությունը։

Օրինակ՝ առավոտյան արդեն իսկ «Մարիաննա» կաթնաշոռը 560 դրամից դարձել է 600 դրամ, թթվասերը՝ 660 դրամից 700 դրամ և այսպես շարունակ։

Ուշագրավ է սակայն, որ QR կոդերը ստանալու և տպագրելու համար տնտեսվարողները վճարում են 4.2 դրամ ստանալու և 2.2 դրամ տպագրելու համար։ Այսինքն՝ 1 միավոր ապրանքի վրա QR կոդ փակցնելու համար տնտեսվարողը վճարում է 6.4 դրամ, սակայն թանկացումն շատ ավելի զգալի է։

Ուշագրավ է նաև, որ QR կոդ ստանալու համար տնտեսվարողները վճարում են մասնավոր ընկերությանը, որը հռչակվել է ազգային օպերատոր և օրենքով մոնոպոլիստ է։

Շատ ավելի ուշագրավ է, թե ոնց է ընտրվել ազգային օպերատորը և ովքեր են այս գերշահավետ մենաշնորհ բիզնեսի սեփականատերերը»։