Ռուսաստանի զինված ուժերը երբեմն ստիպված են միջոցներ ձեռնարկել՝ ի պատասխան տարբեր ջրատարածություններում, ներառյալ՝ Բալթիկայում, նավագնացությանը խոչընդոտող եվրոպական երկրների սադրանքների։ Ըստ ТАСС գործակալության՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Մի շարք ջրատարածություններում, ներառյալ՝ Բալթիկայում, եվրոպական երկրները և ափամերձ պետությունները բազմաթիվ սադրիչ գործողություններ են ձեռնարկում, որոնք, մեր կարծիքով, բացարձակապես չեն նպաստում առևտրային նավագնացության ազատության ապահովմանը»,- նշել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը՝ պատասխանելով առևտրային նավերին առնչվող միջադեպերի հարցին։

«Երբեմն դա մեր զինված ուժերին ստիպում է, այսպես ասած, միջոցներ ձեռնարկել կարգուկանոնը վերականգնելու համար»,- ընդգծել է նախագահի խոսնակը։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հրաժարվել է մեկնաբանել Ֆրանսիայի ափերի մոտ նավթատար նավի կալանավորման մասին լրատվամիջոցների հաղորդագրությունները՝ պատժամիջոցները խախտելու կասկածանքով։ «Ինչ վերաբերում է կոնկրետ նավին, որի մասին մենք խոսում ենք, ես ոչինչ չեմ կարող ասել. մենք որևէ տեղեկություն չունենք, ուստի չգիտենք, թե որ նավի մասին է խոսքը»,- պարզաբանել է Պեսկովը։