Մոսկվան սպասում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի արձագանքին՝ ռազմավարական հարձակողական զենքի կրճատման մասին պայմանագրի (START) վերաբերյալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկներին։ ТАСС-ին հայտնել է փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։
«Եթե խոսենք հանրային արձագանքի մասին, Սպիտակ տան խոսնակի շատ կարճ, բայց դրական մեկնաբանությունից զատ, որևէ արձագանք չի եղել։ Փակ դռների հետևում մեր շփումներում զգում ենք, որ ամերիկացիները ցանկանում են ավելի լավ հասկանալ, թե ինչ է նկատի ունենում ռուսական կողմը։ Բայց ընդհանուր առմամբ, ես չեմ սպասում, որ նրանք մանրամասն կարձագանքեն։ Քանի որ հայտարարությունն արել է նախագահը, կարծում եմ, մենք իրավունք ունենք ակնկալել Վաշինգտոնի հատկապես նախագահական արձագանքը»,- նշել է փոխարտգործնախարարը՝ պատասխանելով համապատասխան հարցին։
«Բայց ինձ համար ակնհայտ է, որ այդ նախաձեռնությունը որոշակի իմաստով նոր իրավիճակ է ստեղծում ամերիկացիների համար, որոնք տարված են այսպես կոչված ռազմավարական մրցակիցների դեմ կռվելով։ Դա ներառում է ոչ միայն Ռուսաստանը, այլև Չինաստանը։ Մենք կտեսնենք, թե ինչ գործնական եզրակացություններ կանեն նրանք այդ նախաձեռնությունից»,- հավելել է Ռյաբկովը։
Ռուսաստանի փոխարտգործնախարարը հատուկ ընդգծել է Ռուսաստանի նախագահի հայտարարությունը Ռուսաստանի Դաշնության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական հարձակողական զենքի հետագա կրճատման և սահմանափակման միջոցառումների մասին պայմանագրի վերաբերյալ։ «Պատահական չէ, որ Պուտինի հայտարարության մեջ նշվում է, որ մենք հայտարարել ենք մեր որոշման մասին՝ մեկ տարով պահպանելու «ռազմավարական հարձակողական զենքի հետագա կրճատման և սահմանափակման միջոցառումների մասին» պայմանագրի կենտրոնական քանակական սահմանափակումները, որոնք կասեցրել ենք։ Սակայն պայմանով, որ Միացյալ Նահանգները չձեռնարկի քայլեր, որոնք կխաթարեն առկա ռազմավարական հավասարակշռությունը։
Դա նշանակում է ոչ միայն նրանց ռազմավարական հարձակողական զենքի ավելացում, այլև, օրինակ, «Ոսկե գմբեթ Ամերիկայի համար» ծրագրի կամ որևէ այլ բանի շրջանակում գլոբալ հրթիռային պաշտպանության համակարգի անկայունացնող տարրերի ստեղծում։ Այնպես որ, նրանք պետք է շատ լուրջ մտածեն»,- ընդգծել է փոխնախարարը։




























