ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ երկրի դաշնային կառավարության աշխատանքի մասնակի դադարեցումը («շաթդաունը») թուլացնում է Վաշինգտոնի դիրքերը միջազգային հարաբերությունների ոլորտում և սպառնում է ԱՄՆ անվտանգությանը։
«Դեմոկրատները Կոնգրեսում որոշում կայացրին դադարեցնել կառավարության աշխատանքը։ Նրանց գործողությունները, որոնք թելադրված են կուսակցական շահերով, խաթարում են Ամերիկայի դիրքերը համաշխարհային ասպարեզում և սպառնում են ազգային անվտանգությանը», - այս մասին հոկտեմբերի 1-ին X-ում գրել է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։
ԱՄՆ դաշնային կառավարությունը մասնակիորեն դադարեցրել է իր աշխատանքը հոկտեմբերի 1-ին՝ կեսգիշերին (Երևանի ժամանակով 07:00-ին)՝ ֆինանսավորման բացակայության պատճառով։ Դա տեղի է ունեցել այն պատճառով, որ ԱՄՆ Կոնգրեսում իշխող Հանրապետական և ընդդիմադիր Դեմոկրատական կուսակցությունների ներկայացուցիչները չեն կարողանում համաձայնության գալ ծախսերի մի շարք հոդվածների շուրջ, այդ թվում՝ առողջապահության ոլորտում։ Նրանք միմյանց մեղադրում են շաթդաուն հրահրելու և այն քաղաքական նպատակներով ձգձգելու մեջ։
Համաձայն ԱՄՆ օրենսդրության, այն նախարարություններն ու գերատեսչությունները, որոնք պատասխանատու են ազգային անվտանգության և արտաքին քաղաքական գործունեության ապահովման համար, շարունակում են աշխատանքը դաշնային կառավարության ֆինանսավորման դադարեցման դեպքում։ Նույն պահանջներն են ներկայացվում նաև այն պետական ծառայողներին, որոնց գործունեությունն ուղղված է «կյանքի և սեփականության պաշտպանությանը»։ Այն պետական հիմնարկների աշխատակիցները, ովքեր ստիպված են աշխատանքի դուրս գալ նման պայմաններում, չեն ստանում աշխատավարձ, սակայն այն սովորաբար վճարվում է նրանց այն բանից հետո, երբ կարգավորվում է միջոցների մուտքի հարցը։





























