Ռուսաստանը, հնարավոր է, փոփոխել է Ուկրաինայի դեմ հարվածների ժամանակ օգտագործվող բալիստիկ հրթիռները, որպեսզի դրանք կարողանան խուսափել Patriot հակաօդային պաշտպանության համակարգից, հաղորդում է Financial Times-ը՝ հղում անելով ուկրաինական և արևմտյան աղբյուրներին։
Ենթադրվում է, որ Ռուսաստանը արդիականացրել է «Իսկանդեր-Մ» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրը, որը գործարկում է մինչև 500 կիլոմետր ենթադրյալ հեռահարությամբ հրթիռներ, ինչպես նաև «Կինժալ» աերոբալիստիկ հրթիռները՝ մինչև 480 կիլոմետր հեռահարությամբ։
FT-ի աղբյուրների համաձայն, ռուսական հրթիռները սկզբում հետևում են սովորական հետագծին, ապա շեղվում են ճանապարհից և կատարում կտրուկ վայրէջք կամ վայրէջքներ, ինչը թույլ է տալիս նրանց խուսափել Patriot-ի պաշտպանական համակարգերից։
Վերջին ամիսներին Ուկրաինան զգալիորեն կրճատել է ռուսական բալիստիկ հրթիռներ որսալու հնարավորությունները. եթե օգոստոսին ՀՕՊ-ը որսացել էր հրթիռների 37%-ը, ապա սեպտեմբերին այդ ցուցանիշը կազմել է ընդամենը 6%։
Պարբերականի տվյալներով՝ 2025 թվականի ամռանը Ռուսաստանը հրթիռային հարվածներ է հասցրել Կիևում և նրա շրջակայքում գտնվող առնվազն չորս անօդաչու թռչող սարքերի արտադրության գործարաններին։
Ռուսաստանի զինված ուժերի թիրախներից մեկը թուրքական Bayraktar անօդաչու թռչող սարքեր արտադրող օբյեկտն էր, որը հարված է ստացել օգոստոսի 28-ի հարձակման ժամանակ: Միաժամանակ, ռուսական հրթիռները շրջանցել են Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը և վնասել մոտակայքում գտնվող ԵՄ պատվիրակության և Բրիտանական խորհրդի գրասենյակները:
«Financial Times»-ը նշում է, որ «Patriot»-ը Ուկրաինայի զինանոցում միակ հակաօդային պաշտպանության համակարգն է, որը կարող է որսալ ռուսական բալիստիկ հրթիռները։





























