ԵՄ երկրները հստակ պատասխան չեն տվել Ֆինլանդիայի վարչապետ Պետերի Օրպոյի առաջարկին՝ «Դրոնների պատը» ԵՄ բյուջեից ֆինանսավորելու և նախաձեռնությանը ԵՄ բոլոր երկրները ներգրավելու վերաբերյալ, հաղորդում է Helsingin Sanomat թերթը։
«Ես ասացի, որ Եվրահանձնաժողովում անհրաժեշտ է վերլուծել ներկայիս ողջ բյուջեն և հասկանալ, թե որ կետերը կարելի է դուրս բերել դրանից։ Այս հարցին ուղիղ պատասխան չտվեցին, սակայն մի քանի ելույթներում բարձրացվեց մոտ ապագայում ֆինանսավորում գտնելու անհրաժեշտության հարցը», - լրագրողներին ասել է վարչապետը՝ Կոպենհագենում կայացած ԵՄ ոչ ֆորմալ գագաթնաժողովից հետո։
Helsingin Sanomat-ի փոխանցմամբ՝ ԵՄ բոլոր երկրները չէ, որ աջակցել են Ֆինլանդիայի վարչապետի նախաձեռնությանը: «Դրոնների պատի» համար միջոցների հատկացման հարցը կքննարկվի հոկտեմբերի 23-ին Բրյուսելում նախատեսված ԵՄ գագաթնաժողովում: Ֆինլանդիայի վարչապետը հույս ունի, որ Եվրահանձնաժողովը գագաթնաժողովից առաջ կներկայացնի նախագծի ֆինանսավորման իր առաջարկը:
Ավելի վաղ Եվրահանձնաժողովի (ԵՀ) նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ ԵՀ-ն առաջարկում է անհապաղ միջոցներ ձեռնարկել Եվրոպայի արևելյան թևում «դրոնների պատ» ստեղծելու համար։ Նա նաև նշել է, որ Եվրամիության պատասխանը միության երկրների օդային տարածք ենթադրաբար տեղի ունեցած ներխուժումներին վերաբերյալ «վճռական ու միասնական» կլինի։
«Դրոնների պատ» նախագիծը Գերմանիայի, Լեհաստանի, Ֆինլանդիայի և Բալթյան երկրների համատեղ նախաձեռնություն է, որի նպատակն է Ռուսաստանի հետ սահմանի երկայնքով տեղակայել բազմաշերտ մոնիթորինգի համակարգ և ավտոմատացված անօդաչու թռչող սարքերից պաշտպանության համակարգեր: Նախագիծը ներկայումս գտնվում է մշակման և նախատիպի ընտրության փուլում:





























