Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն առաջարկում է մի քանի շաբաթով ծովում թողնել այսպես կոչված «ստվերային նավատորմի» լցանավերը՝ ենթադրյալ ռուսական նավթի մատակարարումները խախտելու համար։։
«Շատ կարևոր է, որ դուք այդկերպ ոչնչացնում եք բիզնես մոդելը՝ այդ նավերը հետաձգելով նույնիսկ մի քանի օրով կամ շաբաթով, ստիպելով նրանց վերակազմակերպել իրենց մատակարարումները, ինչը նվազեցնում է բիզնես մոդելի արդյունավետությունը։ Որովհետև այս մոդելն արդեն կազմակերպված էր մինչև 2022 թվականը, բայց հիմա այն ամբողջությամբ արդյունաբերականացված է։ Եվ ես առաջարկում եմ «կամավորների կոալիցիայի» շրջանակներում, ՆԱՏՕ-ի հետ սերտ համագործակցությամբ, աշխատել այս համատեղ գործողությունները օպտիմալացնելու ուղղությամբ», - ասել է Մակրոնը Կոպենհագենում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի բացմանը։ Նրա ելույթը ուղիղ հեռարձակվել է Եվրահանձնաժողովի մամուլի ծառայության կողմից։
Նա որպես օրինակ բերել է Ֆրանսիայի կողմից իր ափերի մոտ լցանավերի շրջափակումը, որը Ռուսաստանի նավահանգստից ուղևորվում էր Հնդկաստան։ Նրա խոսքով՝ նման միջոցները թույլ են տալիս համոզվել, որ երկրի ափերի մոտ կան «ստվերային նավատորմի» նավեր, ինչպես նաև «համոզվել, թե արդյոք այդ նավերը համապատասխանում են միջազգային կանոններին»։ Պետության ղեկավարը նաև հայտարարել է, որ Ֆրանսիայի մոտ շրջափակված նավը լողում էր «կեղծ դրոշի ներքո» և նշել է, որ այդ լցանավերը «մեկ-երկու շաբաթով» կանգնեցնելով՝ Ֆրանսիան, իբր, խաթարել է Ռուսաստանից նավթի մատակարարման արդյունավետությունը։
«Այսպիսով, «ստվերային նավատորմը» շատ լավ թիրախ է, եթե մենք ցանկանում ենք բարձրացնել մեր արդյունավետությունը այդ հնարավորությունները կրճատելու գործում։ Եվ ես կարծում եմ, որ սա շատ կարևոր առաջընթաց է՝ Ռուսաստանի վրա մեր ճնշումն ուժեղացնելու համար», - եզրակացրել է նա։





























