Բելգիայի վարչապետ Բարտ դե Վևերը հինգշաբթի հայտարարել է, որ Եվրամիության մյուս առաջնորդներին խնդրել է երաշխավորել, որ նրանք իր հետ կստանձնեն սառեցված ռուսական ակտիվներին առնչվող ռիսկերի պատասխանատվությունը, եթե իր երկրում պահվող սառեցված ռուսական ակտիվներն օգտագործվեն Ուկրաինային վարկեր տրամադրելու համար, հաղորդում է Reuters-ը։
Կոպենհագենում չորեքշաբթի անցկացված գագաթնաժողովում ԵՄ առաջնորդներն աջակցություն են հայտնել Արևմուտքում սառեցված ռուսական ակտիվներն օգտագործելու գաղափարին՝ Ուկրաինային 140 միլիարդ եվրո վարկ տրամադրելու համար, սակայն նշել են, որ կշարունակեն քննարկումները՝ գործարքի իրավական կողմերը լուծելու համար։
Բելգիան, որը պահում է սառեցված ակտիվների մեծ մասը, պնդում է, որ նախքան ծրագրին համաձայնելը, իրեն անհրաժեշտ կլինեն ԵՄ-ի ամուր երաշխիքներ, որ ինքը մենակ չի մնա Մոսկվայի հետ գործ ունենալու հարցում, եթե հանկարծ պահանջվի վերադարձնել ռուսական ակտիվները։
«Ազատ գումար չկա։ Միշտ կան հետևանքներ,- Կոպենհագենում լրագրողներին ասել է Դե Վևերը։ -Նախօերին գործընկերներիս բացատրեցի, որ ուզում եմ՝ նրանք ստորագրեն հայտարարություն, որ եթե մենք վերցնենք Պուտինի փողերը, դրանք կօգտագործենք, և բոլորս պատասխանատվություն կկրենք, եթե ինչ-որ բան այնպես չգնա»։
Քանի որ Կիևին ԱՄՆ-ի տրամադրվող ռազմական օգնությունը սպառվում է, և Եվրամիության անդամ երկրների շատ կառավարություններ ֆինանսական դժվարությունների են բախվում, Եվրոպական հանձնաժողովն առաջարկել է, որ ԵՄ-ն օգտագործի Ռուսաստանի կենտրոնական բանկի սառեցված արժեթղթերից մնացած կանխիկ գումարը՝ Կիևին 2026 և 2027 թվականներին աջակցելու համար։
«Ինձ վատ տղայի վիճակում մի դրեք։ Ես շատ կառուցողական եմ եղել առաջին օրվանից»,- ասել է նա՝ հավելելով, որ իրեն անհրաժեշտ է առավելագույն իրավական որոշակիություն և համերաշխություն։
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը չորեքշաբթի հայտարարեց, որ ԵՄ գործադիր մարմինը կշարունակի մշակել ծրագիրը և ապահովել, որ Բելգիայի մտահոգությունները հաշվի առնվեն։ «Ակնհայտ է, որ Բելգիան չի կարող լինել ռիսկը կրող միակ անդամ պետությունը, այդ ռիսկը պետք է կրեն ավելի լայն խմբերը»,- նշել է նա։





























