Ստոկհոլմի բարձրակարգ ռեստորան այցելելուց հետո չորս մարդու մոտ սեպսիս  (ախտածին միկրոբներով ընդհանուր վարակում) է ախտորոշվել, ինչը կապված է լիստերիոզի  (կենդանիների, հաճախ՝ ոչխարների և մարդու բնական օջախային վարակիչ հիվանդություն։ Հարուցիչը Listeria monocytogenes բակտերիան է –խմբ.) կասկածելի բռնկման հետ, հաղորդում է BBC News-ը։

Առողջապահական մարմինների տվյալներով՝ Շվեդիայի մայրաքաղաքի Էստերմալմ շրջանում գործող Coco & Carmen բարձրակարգ հաստատությունում ընթրիքից հետո առնվազն 15 մարդ բուժվում կամ հսկողության տակ է հիվանդանոցում։

Ըստ Ստոկհոլմի պաշտոնյաների հավաստիացումների՝ տասնյակ տուժածների մեծ մասն իրենց համեմատաբար լավ է զգում, և հոսպիտալացվածներից ոչ մեկը դեռևս ինտենսիվ թերապիայի կարիք չի ունեցել։

Լիստերիայով հազվագյուտ վարակը հանգեցնում է լիստերիոզ կոչվող ծանր վարակի։ Լիստերիոզից տառապող մարդիկ կարող են իմունային համակարգի կյանքին սպառնացող գերարձագանք՝ սեպսիս զարգացնել։ Տարածաշրջանային իշխանությունները հաստատել են, որ վարակի հետևման աշխատանքները, որոնք սկզբում ընդգրկում էին սեպտեմբերի 25-27-ը ռեստորան այցելած հյուրերին, ընդլայնվել են՝ ներառելով նաև սեպտեմբերի 23-ին և 24-ին այնտեղ ճաշածներին։

«Նրանց, ովքեր շարունակում են ունենալ նմանատիպ ախտանիշներ, մասնավորապես՝ ջերմություն, փսխում կամ փորլուծություն, այժմ խորհուրդ է տրվում դիմել հիվանդանոցի շտապօգնության բաժանմունք՝ հետազոտության համար», - պետական ​​SVT հեռուստաալքին հայտարարել է վարակիչ հիվանդությունների մասնագետ Մարիա Ռոտցեն Էստլունդը։

Տարածաշրջանային առողջապահական մարմինները մամուլի հաղորդագրության մեջ զգուշացրել են, որ «մեծ թվով մարդիկ կարող են վարակված լինել» և ընդգծել, որ լիստերիան ամենամեծ վտանգն է ներկայացնում հղի կանանց, տարեցների և թույլ իմունային համակարգ ունեցողների համար։

Հինգշաբթի երեկոյան դրությամբ, քաղաքի հետևման գործիքի միջոցով ռեստորանում ճաշելուց հետո 85 մարդ հայտնել է սննդային թունավորման մասին, տեղեկացրել են պաշտոնյաները։ Վարակի հետևման համար կապ է հաստատվել մոտ 400 մարդու հետ։

Coco & Carmen-ը ժամանակավորապես փակ է մինչև կասկածելի բռնկման պատճառի հետաքննությունը։

Հայտարարության մեջ ռեստորանի ղեկավարությունը նշել է, որ միշտ ենթարկվել է սննդի անվտանգության ստուգումների և համագործակցում է իշխանությունների հետ։

«Մենք դա չափազանց լուրջ ենք ընդունում, և մեր հյուրերի բարեկեցությունը մեր գերակա խնդիրն է, ուստի կամավոր կերպով փակում ենք՝ մինչև հետագա ծանուցում», - ասված է սեփականատերերի հայտարարության մեջ՝ հավելելով, որ հույս ունեն հոկտեմբերի 7-ին վերաբացել ռեստորանը։

Շեֆ-խոհարար և համասեփականատեր Յոակիմ Ալմկվիստը SVT-ին հայտարարել է. «Միակ բանը, որ կարող եմ անել, անկեղծորեն ներողություն խնդրելն է, քանի որ ցավում եմ այդ մարդկանց համար»։

Լիստերիան սովորաբար հանդիպում է հողում, ջրում և կենդանիների մեջ և կարող է փոխանցվել աղտոտված սննդի միջոցով, հատկապես, եթե այն երկար ժամանակ պահվում է սառնարանում։

Չնայած մարդկանց մեծ մասն ունենում է գաստրոէնտերիտին (ստամոքսի և բարակ աղիքի բորբոքումով բնութագրվող պաթոլոգիական վիճակ): Վարակը կարող է հանգեցնել լուրջ հիվանդությունների, մասնավորապես` մենինգիտի կամ սեպսիսի։ Ինկուբացիոն շրջանը կարող է տևել մի քանի օրից մինչև երեք շաբաթ։