«Turkish Airlines» ավիաընկերության հայտնվելը հայկական շուկայում քննարկվել է նախկինում։ Այս մասին հոկտեմբերի 3-ին Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ հայտնել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը։

Սակայն պատգամավորը նշել է, որ գործընթացը անընդհատ հետաձգվել է քաղաքական պատճառներով։

Նրա խոսքով՝ Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների վերջին հանդիպման ժամանակ քննարկվել է երկու երկրների միջեւ օդային տրանսպորտի ոլորտում համագործակցության ակտիվացման հարցը։

«Մենք տեսնում ենք, որ «Turkish Airlines»-ը հայտարարել է դեպի Երեւան չվերթների մեկնարկի մասին: Ես ճշգրիտ չգիտեմ, թե երբ դա տեղի կունենա, բայց դա տեղի կունենա մոտ ապագայում»,- նշել է Խանդանյանը։

Խորհրդարանականը համոզված է, որ հայ-թուրքական հարաբերությունների լիակատար կարգավորման համար որեւէ խոչընդոտ չկա: Երեւանը պարզապես սպասում է պաշտոնական Անկարայի կոնկրետ քայլերին: