Բրիտանական կառավարությունը եւ ոստիկանությունը ուրբաթ կոչ են արել Լոնդոնում այս շհանգստյան օրերին նախատեսված պաղեստինամետ բողոքի ակցիայի կազմակերպիչներին չեղարկել կամ հետաձգել միջոցառումը՝ Անգլիայի հյուսիսում սինագոգի դեմ տեղի ունեցած մահացու հարձակումից հետո, հաղորդել է Reuters-ը։

Ներքին գործերի նախարար Շաբանա Մահմուդը կոչ է արել ցուցարարներին մի քանի օր հետաձգել, որպեսզի հրեական համայնքը ժամանակ ունենա սգալու զոհերի հիշատակը եւ վերլուծելու տեղի ունեցածը։

Հինգշաբթի Մանչեսթրի Հիթոն Պարկի սինագոգի մոտ երկու մարդ է զոհվել, երբ մի տղամարդ մեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտներին, ապա սկսել դանակահարել նրանց։

Ոստիկանությունը հայտնել է, որ հարձակվողը Բրիտանիայի սիրիական ծագումով 35-ամյա քաղաքացի Ջիհադ ալ-Շամիեն է, որը տեղում սպանվել է զինված ոստիկանների կողմից։

Շաբաթ օրը նախատեսվող ցույցը կազմակերպվել էր «Պաշտպանեք մեր ատենակալներին» կազմակերպության կողմից՝ Մեծ Բրիտանիայի կառավարության հուլիսին ընդունած որոշման դեմ բողոքելու համար, որն արգելել էր պաղեստինամետ «Պաղեստինյան գործողություն» խումբը՝ հակաահաբեկչական օրենքների համաձայն, եւ անդամակցությունը խմբին հանցագործություն է համարում։

Այդ ժամանակվանից ի վեր խմբին աջակցելու համար մի շարք բողոքի ցույցեր են անցկացվել, արգելքի հետ կապված խախտումների համար ձերբակալվել է ավելի քան 1 500 մարդ, որոնցից շատերը տարեցներ են։