ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում գրառում է կատարել, որում պահանջել է Իսրայելից անհապաղ դադարեցնել Գազայի հատվածի ռմբակոծությունները։
«Հիմնվելով ՀԱՄԱՍ-ի կողմից հենց նոր հրապարակված հայտարարության վրա՝ կարծում եմ, որ նրանք պատրաստ են երկարատև ԽԱՂԱՂՈւԹՅԱՆ։ Իսրայելը պետք է անհապաղ դադարեցնի Գազայի ռմբակոծությունը, որպեսզի մենք կարողանանք անվտանգ և արագ կերպով ազատ արձակել պատանդներին։ Հիմա դա անելը չափազանց վտանգավոր է։ Մենք արդեն քննարկում ենք այն մանրամասները, որոնք պետք է մշակվեն։ Սա միայն Գազայի մասին չէ, այլ Մերձավոր Արևելքում երկար սպասված ԽԱՂԱՂՈւԹՅԱՆ մասին է», - գրել է ԱՄՆ նախագահը։
Նա նաև հրապարակել Է պաղեստինյան խմբավորման նամակը։
Ուրբաթ օրը Թրամփն իր կարճ տեսաուղերձում խոստացել է, որ Գազայի բանակցություններում բոլոր կողմերին արդարացի վերաբերմունք կցուցաբերվի, իսկ ՀԱՄԱՍ-ի կողմից պատանդներին ազատ արձակելու վերաբերյալ ակնհայտ համաձայնությունը «հատուկ օր» է անվանել։
«Բոլորին արդար վերաբերմունք կցուցաբերվի», - ասել է Թրամփը մեկ րոպեից մի փոքր ավելի տևած և սոցիալական ցանցերում հրապարակված հաղորդագրության մեջ։
«Սա շատ հատուկ օր է, գուցե աննախադեպ», - նշել է ԱՄՆ նախագահը։
Իր հայտարարության մեջ ՀԱՄԱՍ-ը ողջունել է այդ ծրագիրը, սակայն լրացուցիչ պարզաբանումներ է պահանջել՝ դրա որոշ կետերի վերաբերյալ։ Խմբավորումը հայտարարել է, որ կհամաձայնի ազատ արձակել իսրայելցի բոլոր պատանդներին՝ թե՛ ողջերին, թե՛ մահացածներին, և հաստատել է, որ պատրաստ է միջնորդների միջոցով անհապաղ ձեռնամուխ լինել այդ ծրագրի քննարկմանը։





























