Հորդառատ անձրևները Նեպալում առաջացրել են սողանքներ և հանկարծակի ջրհեղեղներ, որոնք փակել են ճանապարհները, քանդել կամուրջներ և վերջին 36 ժամում հանգեցրել առնվազն 22 մարդու մահվան, հաղորդում է Reuters-ը։

Ոստիկանության ներկայացուցիչ Բինոդ Գիմիրեն հայտնել է, որ Իլամ շրջանում՝ Հնդկաստանի արևելքում, սողանքների հետևանքով զոհվել է 18 մարդ։ Նրա վկայությամբ, Նեպալի հարավում կայծակի հարվածից մահացել է երեք մարդ, իսկ Ուդայապուր շրջանում՝ Նեպալի արևելքում, մեկ մարդ զոհվել է ջրհեղեղի հետևանքով։

Իշխանությունների տվյալներով՝ 11 մարդու քշել-տարել է ջրի հոսանքը և շաբաթ օրվանից նրանք համարվում են անհետ կորած։

Իշխանությունների հայտարարության համաձայն, մի քանի մայրուղիներ փակվել են սողանքների պատճառով և քանդվել են ջրհեղեղների հետևանքով, ինչի արդյունքում հարյուրավոր ուղևորներ մնացել են ճանապարհին։

«Ներքին չվերթները հիմնականում դադարեցված են, սակայն միջազգային չվերթները իրականացվում են սովորական ռեժիմով», — հայտնել է Քաթմանդուի օդանավակայանի ներկայացուցիչ Ռինջի Շերպան։

Նեպալի հարավարևելքում Կոշի գետի ջրի մակարդակը գերազանցել է վտանգի սահմանը։ Այդ գետը գրեթե ամեն տարի մահաբեր ջրհեղեղներ է առաջացնում Հնդկաստանի արևելյան Բիհար նահանգում։ Շրջանային կառավարության ներկայացուցիչը հայտնել է, որ Կոշի գետի ջրի մակարդակը գերազանցել է նորման ավելի քան երկու անգամ։

Տարածաշրջանի նահանգապետ Դհարմենդրա Կումար Միշրան հայտնել է, որ Կոշի ջրամբարի բոլոր 56 ջրարգելակները բացվել են՝ ջրի արտահոսքն ապահովելու համար, մինչդեռ սովորաբար բացվում է մոտ 10–12-ը։