Բարսելոնայում պաղեստինամետ ցուցարարների և ոստիկանության միջև բախումների հետևանքով ութ մարդ ձերբակալվել է, 20 ոստիկան՝ վիրավորվել, հաղորդում է Reuters-ը։

Ոստիկանության տվյալներով, շաբաթ օրը տեղի ունեցած 70 000 մասնակից ունեցող երթի ընթացքում ցուցարարները ջարդուփշուր են արել այն խանութները, որոնք, ըստ իրենց պնդումների, առնչություն են ունեցել Իսրայելի հետ։

Տասնյակ հազարավոր մարդիկ են մասնակցել բողոքի ակցիաներին Մադրիդում և Իսպանիայի տասնյակ այլ քաղաքներում, ինչպես նաև ցույցերին Հռոմում և Լիսաբոնում՝ ի նշան վրդովմունքի այն բանից հետո, երբ Իսրայելը գրավել է Սումուդ համաշխարհային հումանիտար նավատորմը, որը մեկնարկել էր Բարսելոնայից՝ փորձելով ճեղքել պաղեստինյան տարածքի շրջափակումը։

Իսրայելի զինված ուժերի կողմից «օգնության նավատորմի» վրա ձերբակալված 49 իսպանացիներից 21-ը կիրակի օրը Թել Ավիվից կվերադառնա Իսպանիա, հայտնել է Իսպանիայի արտգործնախարար Խոսե Մանուել Ալբարեսը RTVE իսպանական հեռուստաալիքին։

Իսպանիան, որը 2024 թվականի մայիսին ճանաչել է Պաղեստինի պետությունը և ակտիվորեն քննադատել է Իսրայելի գործողությունները Գազայում, անցած ամիս արգելել է նավերով կամ ինքնաթիռներով ռազմական նշանակության զենքի և ավիավառելիքի մատակարարումը Իսրայել։