Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանն Աշոտ Ավետիսյանի` «Բանգլադեշցի Համոյի» կնքահայրը չէ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում զայրացած նշեց Աշոտ Գիզիրյանը` արձագանքելով լրատվամիջոցներում տեղ գտած այն լուրին, թե «Բանգլադեշցի Համոն» նաեւ շատ մտերիմ է ոստիկանության 6-րդ վարչության նախկին պետ, այժմ` Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանի հետ, ավելի կոնկրետ, Աշոտ Գիզիրյանը «Բանգլադեշցի Համոյի» կնքահայրն է:
«Ինչ ասացի՞ք: Կնքահայրը, ո՞րն ա` քավորը: Ես ոչ մեկի քավորն էլ չեմ: Առաջին անգամ ձեզնից եմ լսում», - արձագանքեց Աշոտ Գիզիրյանը:
Հստակեցմանը, թե խոսքը գուցե ոչ թե կնունքի կամ հարսանիքի քավորի մասին է, այլ որ «Բանգլադեշցի Համոն» իր հովանավորությունն է վայելում, Գիզիրյանը բարկացած նետեց. «Դե վերջացրեք եւ մյուս անգամ նման անիմաստ հարցերով մի անհանգստացրեք»:
Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ հունվարի 18-ին, խուլիգանություն կատարելու կասկածանքով Երեւանի Արծրունիի փողոցից Արաբկիրի բաժին բերման են ենթարկել 48-ամյա Աշոտ Ավետիսյանին: Իսկ հունվարի 19-ին Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն երկամսյա կալանքի որոշում է կայացրել «Բանգլադեշցի Համո» մականունով հայտնի 48-ամյա Աշոտ Ավետիսյանի նկատմամբ: Դատարանը բավարարել է նրա նկատմամբ կալանքը, որպես խափանման միջոց ընտրելու` Արաբկիրի քննչական բաժնի քննիչի միջնորդությունը: Ավետիսյանի նկատմամբ առաջադրվել է մեղադրանք ՀՀ քր.օր.-ի 258 հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով (խուլիգանություն):
Ի դեպ, «Բանգլադեշցի Համոյի» անունը շրջանառվում էր նաեւ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի անվան հետ: Ինչին ի պատասխան Գագիկ Ծառուկյանի Մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել էր, որ նա կուսակցական չէ, նաեւ Գագիկ Ծառուկյանի թիկնազորից չէ: «Իսկ, թե Աշոտ Ավետիսյանն ինչպիսի անձնական հարաբերություններ ունի պարոն Ծառուկյանի հետ, այդ մասին ես ոչինչ ասել չեմ կարող»,- ավելացրել էր Խաչիկ Գալստյանը:




























