ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարությունը երկուշաբթի օրը քվեարկել է Եգիպտոսի հնությունների նախկին նախարար Խալեդ էլ-Էնանիին ՄԱԿ-ի մշակութային կազմակերպության հաջորդ ղեկավար նշանակելու օգտին, հաղորդում է AFP-ն։

Նա այդ պաշտոնում կփոխարինի Ֆրանսիայի ներկայացուցիչ Օդրի Ազուլեին՝ նրա երկու քառամյա ժամկետներից հետո։

Միացյալ Նահանգները չի մասնակցել քվեարկությանը՝ հայտարարելով կազմակերպությունից իր հետագա դուրս գալու մասին, քանի որ կազմակերպությունն առավել հայտնի է նրանով, որ սահմանում է աշխարհահռչակ մշակութային ժառանգության վայրերը։

54-ամյա Էլ-Էնանին ասել է, որ ինքը կփորձի այնպես անել, որ Միացյալ Նահանգները վերադառնա կազմակերպություն, քանի որ երկիրը կազմում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ընդհանուր ֆինանսավորման ութ տոկոսը։

«Ներկայիս խնդիրը բյուջեն է։ Սա մեր բոլորիս համար առաջնահերթություն կլինի», - քվեարկությունից հետո լրագրողներին ասել է նա։

Նա ասաց, որ կձգտի «տեխնիկական» քննարկումներ անցկացնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակներում, «ոչ թե քաղաքականացնել կազմակերպությունը»։

Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսին հանդես է եկել հայտարարությամբ, որում նշել է իր երկրի «պատմական հաջողությունը» և լավագույնն է մաղթել ալ-Էնանիին իր «ազնիվ առաքելության» մեջ։

Հունիսին Միացյալ Նահանգները հայտարարեց ՅՈՒՆԵՍԿՕ-ից դուրս գալու մասին՝ պատճառաբանելով, որ կազմակերպությունը կողմնակալ է Իսրայելի նկատմամբ և նպաստում է «պառակտմանը»։ Այս քայլը, որը պետք է ուժի մեջ մտնի 2026 թվականի վերջին, լուրջ հարված կհասցնի կազմակերպության ֆինանսներին։

ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարի պաշտոնին հավակնել է ընդամենը երկու թեկնածու, այն բանից հետո, երբ օգոստոսին մեքսիկացի թեկնածուն հրաժարվել է մասնակցել ընտրություններին։ Ալ-Էնանիի մրցակիցը եղել է Կոնգոյի Հանրապետության ներկայացուցիչ Ֆիրմեն Էդուար Մաթոկոն, որը մինչև մարտը փաստացի զբաղեցրել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի արտաքին կապերի հարցերով ներկայացուցչի պաշտոնը։