Կենտրոնական Ասիան և Կովկասը պետք է լինեն Միացյալ Նահանգների ուշադրության կենտրոնում, ինչպես Բալթյան երկրները և Սևծովյան տարածաշրջանը, գրում է The Washington Times-ը։

Ինչպես ընդգծում է թերթը, վերջերս Ամերիկայի ուշադրությունը գրավել են Կենտրոնական Ասիան և Կովկասը։

«Wabtec-ը և Boeing-ը հայտարարել են բազմամիլիարդանոց ներդրումների մասին, համապատասխանաբար, Ղազախստանում և Ուզբեկստանում, և ամերիկացի ներդրողների խմբեր այցելեցին տարածաշրջանի բոլոր երկրները։ Միևնույն ժամանակ, հազվադեպ բացառություններով, տարածաշրջանի ութ պետություններ սահմանային և վիզային բարեփոխումներ են նախաձեռնում, որոնք հեշտացնում են առևտուրն ու ներդրումները և ամրապնդում տարածաշրջանային կապերը», - գրում է ԶԼՄ-ն։

Դրան զուգահեռ, «խորհրդային դարաշրջանի կրթական համակարգերի արդիականացումը, հաղորդակցության բարելավումը և տեղաշարժի ազատությունը հանգեցրել են տղամարդկանց և կանանց նոր սերնդի ի հայտ գալուն, որոնք խոսում են անգլերեն և ընկալում են ժամանակակից կյանքը բոլոր առումներով»,– պնդում է WT-ն։

«Այդ ընթացքում նրանք ազատվեցին մեկուկես դար տևած ռուսական գերիշխանության ժառանգությունից։ Կենտրոնական Ասիան և Կովկասը պետք է լինեն Ամերիկայի ուշադրության կենտրոնում, ինչպես Բալթյան կամ Սևծովյան տարածաշրջանները», - գրում է պարբերականը՝ նշելով, որ Ռուսաստանի իշխանությունները մինչ օրս համարում են այդ տարածաշրջանները «Մոսկվայի բացառիկ արտոնությունների գոտու մաս»։

«Միևնույն ժամանակ, Չինաստանը տենչում է տարածաշրջանի նավթի, գազի և անհրաժեշտ հանքանյութերի հսկայական հարստությանը և արագորեն շարժվում է դեպի գերիշխանություն։ Պեկինը վաղուց արդեն հաստատվել է որպես այս հսկայական տարածքում ամենամեծ ներդրողը և ձգտում է գերիշխել առևտրի, տեղեկատվության, կրթության, փոխանակումների և անվտանգության ոլորտներում։ Այնքանով, որքանով Պեկինին հաջողվի տարածաշրջանի պետությունները ենթարկեցնել իր կամքին, այն կստեղծի Հյուսիսային Կորեայից մինչև Պարսից ծոց ձգվող ավտորիտար ռեժիմների ամուր գոտի», - նշում է The Washington Times-ը։