Իմպլանտ «մարդասպաններ» արտադրող ընկերության հիմնադիր Ժան Կլոդ Մասին դատարանի որոշմամբ 100 հազար եվրո գրավի դիմաց բաց է թողնվել:
Poly Implant Prothese (PIP) աղմուկահարույց ընկերության նախագահին մեղադրանք կներկայացվի մարմնական ծանր վնասվածքներ հասցնելու համար, հաղորդում է Reuters-ը: Մեղադրյալին նաեւ արգելված է լքել Ֆրանսիան եւ հանդիպել իր ընկերության նախկին ղեկավարների եւ թոփ-մենեջերների հետ: Ընկերությունն այժմ չի գործում:
Հիշեցնենք, որ Ժան Կլոդ Մասը ձերբակալվել եւ կալանքի տակ էր առնվել հունվարի 26-ին` Սի Ֆուր լե Պլյաժ քաղաքում, իր ծանոթուհու տանը:
Ֆրանսիայի առողջապահական իշխանություններն արգելել են PIP-ի արտադրանքն օգտագործել դեռեւս 2010 թվականին, երբ պարզվել էր, որ իմպլանտները պատրաստված են արդյունաբերական գելից, իսկ նրանց թաղանթը պատռվում է սովորականից ավելի հաճախ: Այս տարվա նոյեմբերին PIP-ի հաճախորդուհիներից մեկի մահվանից հետո բժիշկները հետաքննություն են անցկացրել, որի արդյունքներից ելնելով երկրի առողջապահության նախարարությունը 30 հազար ֆրանսուհիների խորհուրդ էր տվել դուրս հանել PIP-ի իմպլանտներն իրենց մարմիններից պետության միջոցների հաշվին:
Համաշխարհային շուկայում ընկերության արտադրանքի մասնաբաժինը 84% է կազմում: Ըստ լրատվամիջոցների տեղեկության` Poly անորակ կրծքային իմպլանտները վաճառվել են 65 երկրներում, այդ թվում նաեւ Ռուսաստանում եւ Բելառուսում: Ամբողջ աշխարհում այդ ոչ այնքան թանկ իմպլանտները, ըստ տարբեր գնահատականների, կրում են 400-ից մինչեւ 500 հազար կանայք:




























